«Թուրքիայում իրավիճակը մտահոգիչ է։ Թուրքիան ավելի ու ավելի է կորցնում օրենքի գերակայության, ժողովրդավարության հիմքերը։ Չափազանց մտահոգիչ է, երբ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը ճնշվում է՝ ընտրված քաղաքապետերի ազատազրկմամբ․ օրինակ՝ բանտարկելով 16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի քաղաքապետին, Անթալիայի, Անկարայի և Ադանայի քաղաքապետերին։ Սրանք բոլորը խոշոր քաղաքներ են։ Սակայն ձերբակալվել են ոչ միայն քաղաքապետերը, այլև տարածաշրջանային ղեկավարներն ու բարձրաստիճան պետական ծառայողները»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ներկայացնելով Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը Թուրքիայում իրավիճակի վերաբերյալ հայտարարեց զեկուցող Ստեֆան Շեննախը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընթացիկ քննարկում անցկացվեց «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և ներառական երկխոսություն Թուրքիայում» թեմայով։
ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի խոսնակները մտահոգություն հայտնեցին Թուրքիայում ժողովրդավարության վատթարացող վիճակի, ընդդիմադիր գործիչների, լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված։
Ստեֆան Շեննախը, վրդովմունքը չթաքցնելով, նշեց․ «Եվ ի՞նչն է պատճառը։ Պատճառը կառավարությանը կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու առիթով մեղադրանքներ հասցնելն է։ Սա ընդդիմությանը լռեցնելու փորձ է։ Սա չափազանց մտահոգիչ իրավիճակ է։ Տեղի են ունենում քաղաքական նպատակադրումներով բանտարկություններ։ Մարդկանց ազատազրկում են, և նրանց մեղադրում են այնպիսի բաների համար, որոնք չեն արել նրանք։ Ազատազրկվածների շարքում է նաև «Վացլավ Հավելի» մրցանակի արժանացած գործիչ, Սահմանադրական դատարանի անդամ»։
Կարդացեք նաև
Թուրքիայի հարցով զեկուցողը նաև մտահոգություն հայտնեց՝ Թուրքիայում ազատ լրատվամիջոցները մեծ մասամբ լռեցված են․ «Չի գործում իշխանությունների տարանջատման սկզբունքը, չկա հակակշիռների և զսպումների համակարգ։ Օրինակ՝ Քրդական դեմոկրատական կուսակցության երկու ընտրված, բազմիցս ընտրված համանախագահներն էլ բանտում են։ Մենք այցելել ենք պարոն և տիկին Դեմիրթաշներին բարձր անվտանգության բանտում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակորեն նշել է, որ նրանք քաղաքական կալանավորներ են։ Նրանք անարդարացիորեն բանտարկված են, նրանք քաղաքական կալանավորներ են»։
Ստեֆան Շեննախը նաև մտահոգություն հայտնեց՝ դատարանի խիստ կողմնակալ որոշմամբ՝ Օսման Կավալան դատապարտվեց ցմահ ազատազրկման․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով նրա պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման՝ շատ մանիպուլացված դատական համակարգի կողմից։ Եվրոպական դատարանը երկու անգամ պահանջել է անհապաղ ազատ արձակել, և արձագանքը եղել է՝ ոչ, ցմահ բանտարկություն։ Մենք սա չենք կարող ընդունել»։
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ իր բնորոշմամբ՝ Ստամբուլի խարիզմատիկ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պաշտպանության հնարավորություն գրեթե չկա, քանի որ նրա իրավապաշտպանը նույնպես կալանավորվել է․ «Նա 17 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի ընտրված քաղաքապետն է: Դատավարության ընթացքում կրակոցներ են արձակվել և նռնակներ են նետվել՝ ընդդիմության հաղթանակը տապալելու փորձի համար: Թուրքիայի իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-AKP-ն Էրդողանի օրոք շահագործում է դատական համակարգը»։
Թուրքիային դատապարտող բազմաթիվ ելույթներ հնչեցին Վեհաժողովում։
ԵԺԿ խմբի խոսնակ Նիկոս Տորնարիտիսը հայտարարեց՝ ԵԺԿ-ն լուռ չի մնալու․ «Եթե Թուրքիան շարունակի չկատարել իր պարտավորությունները, Վեհաժողովը պետք է արձագանքի ավելի ուժեղ մոնիտորինգային գործընթացներով, քաղաքական հետևանքներով և համագործակցության շարունակականության վերանայմամբ»։ Նա պահանջեց, որ ազատ արձակվեն Սելահաթին Դեմիրթաշն ու Օսման Կավալան, և վերջ դրվի քաղաքապետերի ու լրագրողների հետապնդումներին, ինչպես նաև վերականգնվի դատական անկախությունը։
Եվրոպական կոնսերվատիվների խմբի խոսնակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Դեյվիդ Բլենչատրան նկատեց՝ ամենամեծ խնդիրն այն է, մեր՝ այսպես կոչված արևմտյան ժողովրդավարությունները գործնականում լուռ են մնացել, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղացել է ՆԱՏՕ-ի քարտը և դարձել միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ստանալով նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, որը նրան անվանում է իր նման ուժեղ մարդ․ «ԱՄՆ-ում անցյալ շաբաթ Սպիտակ տանը նրանց հանդիպումից հետո ընդհանուր կարծիքն այն է, որ նախագահ Թրամփին չի հետաքրքրում, թե ինչ է անում նախագահ Էրդողանը Թուրքիայի ներսում, այլ կարևորը միայն միջազգային ասպարեզում նրա դերակատարությունն է։ Եվրոպայի խորհրդի երկրների մեծ մասը քիչ կամ ընդհանրապես հրապարակային քննադատություն չեն հնչեցրել նախագահ Էրդողանի կողմից իր երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Մինչդեռ այս խորհրդարանական վեհաժողովը պետք է կոչ անի մեր բոլոր անդամ երկրներին հրապարակավ դատապարտել Թուրքիայում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը սպառնացող վտանգը»։
Միացյալ ձախերի խմբի խոսնակ Ջորդ Լուկաիդեսն էլ փաստեց՝ Թուրքիայում քաղաքապետերը շարունակում են պաշտոնանկ արվել և հետապնդվել քաղաքական դրդապատճառներով։ Թուրքիան բացահայտորեն անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։
Թուրք ընդդիմադիր պատգամավոր Այսու Բանկողլուն էլ հավաստիացրեց՝ միայն մեր ձայնը բարձրացնելով է, որ կարող են թույլ չտալ, որ մեր երկրի ապագան գողացվի մեզնից։ Նա հայտարարեց․ «Թուրքիայում կան ընտրություններ, բայց իրական հանրային կամք չկա, կան դատարաններ, բայց արդարադատություն չկա, կա խորհրդարան, բայց ժողովրդի ձայնը լսելի չէ, որովհետև առանց օրենքի գերակայության՝ ընտրությունները դառնում են դատարկ ծեսեր, իսկ ժողովրդավարությունը մնում է թղթի վրա պատրանք։ Մենք սա շատ լավ գիտենք։ Ստամբուլի, Ադանայի, Անթալիայի ընտրված քաղաքապետերը, որոնք ընտրվել են միլիոնավոր քվեներով, անօրինական կերպով հեռացվել են, ազատազրկվել և փոխարինվել կառավարության կողմից նշանակված կառավարիչներով։ Ժողովրդի կամքը փակվել է ճաղերի ետևում։ Մեր կուսակցության նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որին աջակցում են 15.5 միլիոն քաղաքացիներ, այժմ բախվում է կեղծ դատավարությունների, քաղաքական արգելքների և բանտարկության սպառնալիքների։ Նրա համալսարանական դիպլոմը չեղյալ է հայտարարվել, նրա փաստաբանները կալանավորվել են, նրա լեգիտիմությունը հարձակման է ենթարկվել։ Միևնույն ժամանակ, գլխավոր ընդդիմադիր կուսակցության 16 քաղաքապետեր շարունակում են մնալ բանտում։ Դա նշանակում է, որ գրեթե յոթ միլիոն քաղաքացիների ձայները լռեցվել են։ Ինչո՞ւ։ Որովհետև իշխանության մեջ գտնվողները վախենում են, վախենում են փոփոխություններից և ժողովրդի ազատության պահանջից»։
Մինչդեռ թուրք իշխանական պատգամավորները վստահեցրին, թե Թուրքիան գնում է ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհով։
Մուրատ Չահիդ Չինգին փորձեց վստահեցնել՝ Թուրքիայում դատական գործընթացները իրականացվում են Սահմանադրության շրջանակներում, ազգային և միջազգային իրավական պարտավորությունների լիակատար հարգանքով․ «Ընդդիմադիր գործիչների հետ կապված դատական գործընթացները քաղաքական դրդապատճառներ չունեն, այլ հիմնված են հավաստի ապացույցների և պատշաճ դատավարության վրա։ Մեր դատական համակարգը մնում է անկախ և գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքով, ինչպես բոլոր ժողովրդավարական պետություններում»։
Ի պատասխան թուրք պատգամավորների այն ակնարկներին, թե Թուրքիան ԵԽ հիմնադիր երկրներից է, մեծ ֆինանսական ներդրում է կատարում, Ստեֆան Շեննախը հայտարարեց․ «Այո, Թուրքիան Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամներից է։ Թուրքիան նախաձեռնել է Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի ստեղծումը։ Թուրքիան կարևոր պետություն է, և այդ պատճառով մենք պայքարում ենք օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերականգնման համար այս երկրում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ