Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 2026թ․ բյուջեն թվերով հավասարակշռված է, բայց բովանդակությամբ այն դեռևս «կենսապահովման» բյուջե է. Դավիթ Անանյան

Հոկտեմբեր 01,2025 14:30

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ կառավարության կողմից ներկայացրած 2026թ․ պետական բյուջեի նախագծով թվային տեղեկատվությունը կարծես առաջին հայացքից հավասարակշռված է։ Եկամուտները նախատեսվում են շուրջ 3.09 տրիլիոն դրամ, ծախսերը՝ 3.63 տրիլիոն դրամ։ Դեֆիցիտը կազմում է 537.5 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի մոտ 3.6%, ինչը միջազգային չափանիշներով դեռ կառավարելի է։ Սակայն հարցը մնում է նույնը․ ի՞նչ զարգացման ուղի է ցույց տալիս այս բյուջեն։

Բյուջեի եկամուտների 96%-ը ձևավորվում է հարկային մուտքերից և տուրքերից, իսկ պաշտոնական դրամաշնորհներն ու այլ աղբյուրները միասին կազմում են ընդամենը 4%։ Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է ապավինել բացառապես հարկային բեռին՝ առանց նոր ներդրումային աղբյուրներ ստեղծելու։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսվում է հասցնել 25-26%-ի, ինչը ինքնին ողջունելի է։ Սակայն առանց ներդրումային միջավայրի խորքային բարեփոխումների այս աճը կարող է վերածվել ոչ թե տնտեսական խթանման, այլ պարզապես վարչարարական ճնշման։

Ծախսային մասում նախատեսվում է 3.63 տրիլիոն դրամ, որից մոտ ՀՆԱ-ի 5-6% կապիտալ ծախսեր։ Բայց չկա հստակ հաշվարկ, թե ինչ արդյունք կբերի այդ ծախսը, քանի՞ աշխատատեղ կստեղծվի, ինչպիսի՞ արտահանման աճ է ակնկալվում, որքանո՞վ կբարձրանա արտադրողականությունը։ Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը և կրթական ենթակառուցվածքների ծրագրերը (մոտ 300 դպրոց և 500 մանկապարտեզ) անշուշտ կարևոր են, բայց այստեղ ևս գերակշռում է «ծախսային» մոտեցումը՝ առանց տնտեսական վերադարձի հաշվարկի։

Դեֆիցիտի 537.5 մլրդ դրամից մոտ 266 մլրդ դրամ նախատեսվում է ներգրավել ներքին աղբյուրներից, իսկ 271 մլրդ դրամ՝ արտաքին վարկերից։ Այսինքն՝ դեֆիցիտի գրեթե կեսը ծածկվելու է արտաքին պարտքի միջոցով։ Արդյունքում պետական պարտքը միջնաժամկետում կմնա ՀՆԱ-ի 54-55% սահմաններում։ Թվով սա ճգնաժամային չէ, բայց Հայաստանի նման փոքր տնտեսության համար արտաքին կախվածության խորացումը լուրջ վտանգ է։

Պաշտպանական ծախսերը շարունակում են ներկայացվել ընդհանուր թվով՝ առանց որևէ բացատրության (ընդհանուր առմամբ գաղտնիությունը հասկանալի է), սակայն լավ կլիներ պատկերացում ունենալ, թե, օրինակ, որքանն է ուղղվելու զենքի արդիականացմանը, հակաօդային պաշտպանությանը, անօդաչու համակարգերին կամ կիբերանվտանգությանը և այլն։ Պաշտպանության ոլորտի յուրաքանչյուր միլիարդ դրամ պետք է դառնա կյանքի ապահովագրություն, այլ ոչ թե հերթական «ծախսային տող»։
Ընդհանուր առմամբ, թվերի հետևում նշմարվում է ռազմավարության բացակայությունը (Եկամուտներ․ 3.09 տրիլիոն դրամ, բայց հիմնականում հարկային բեռի հաշվին, ծախսեր․ 3.63 տրիլիոն դրամ, առանց KPI-ների և արդյունքային գնահատման, դեֆիցիտ․ 537.5 մլրդ դրամ (3.6% ՀՆԱ), գրեթե կեսը՝ արտաքին վարկերից, պարտք․ միջնաժամկետում՝ ՀՆԱ-ի 54-55%, մինչև 2030թ․՝ մոտ 50%, կապիտալ ծախսեր․ ՀՆԱ-ի 5-6%, բայց որակի և արդյունավետության գնահատում չկա)։

Այսպիսով, ՀՀ 2026թ․ բյուջեն թվերով հավասարակշռված է, բայց բովանդակությամբ այն դեռևս «կենսապահովման» բյուջե է։ Այս կառավարությունը կարծես շեշտադրումները փոխելու և այն զարգացման ուղեցույց դարձնելու կամք ու կարողություն չունի, հետևաբար, Հայաստանը հերթական անգամ կգործի որպես հարկաբյուջետային հաշվառում ապահովող, այլ ոչ՝ տնտեսական թռիչքի ծրագիր իրականացնող երկիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031