«Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք, դե կներեք էլի, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ»,- ԱԺ նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Մասնավորապես, ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանն իր ելույթում ասել էր․ «Տպավորություն ունեմ, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի եւ դժբախտության խմբակ»։
«Ի՞նչ վշտի եւ դժբախտության մանկապարտեզի մասին եք խոսում, էդ վիշտն ու դժբախտությունն էս երկրի գլխին բերել է ձեր իշխանությունը, եւ հիմա ընդդիմությանը դասեր եք տալիս, որ վշտի եւ դժբախտության մասին ենք խոսո՞ւմ։ Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք, դե կներեք էլի, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ։ Դուք երջանիկ եղեք»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Նա իր ելույթում անդրադարձավ Հայաստանի ժողովրդավարությանը, նշեց, որ Հայաստանում հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է կալանքի վրա։ «Եվ որքան էլ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայն խոսեն հայկական ժողովրդավարության մասին, բուն Հայաստանում ժողովրդավարությունը դա կալանքն է, ժողովրդավարությունը կալանք պահանջող քննիչներն ու դատախազներն են, ժողովրդավարությունը կալանք տվող դատավորներն են։ Եվ տարիներ անց Հայաստանի այս փուլը հիշվելու է որպես պարտության եւ կալանքի փուլ։ Երբ բանտերում գտնվում են երկու արքեպիսկոպոս՝ ընդ որում՝ իրավական տեսանկյունից փնթի ու կարված գործերով, դա ժողովրդավարության անկում է»,- նշեց Էլինար Վարդանյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Միքայել սրբազանին դատում են այն հայտարարությունների համար, որոնք նախկինում դատախազությունը հակաիրվական չէր համարում։ Սա է ժողովրդավարական Հայաստանը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ դատավորը պատիժ է սահմանելու ոչ թե սրբազանի համար, այլ ազատազրկելու է մեր բոլորի խիղճը։ Թող որեւէ մեկին չթվա, որ ունի երաշխիք, որ չի դառնալու իրենց հռչակած ժողովրդավարության զոհը»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ