Լրահոս
Օրվա լրահոսը

«Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր

Հոկտեմբեր 01,2025 15:13

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը բացում է իր բազան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Սա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի շատ ճամփորդել, կնպաստի զբոսաշրջության հոսքին»,- «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացմանը նվիրված մամուլի ասուլիսում նշեց «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն:

Նա անդրադարձավ նաեւ Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից Wizz Air ավիաընկերության մեկնարկած թռիչքներին: Նշեց, որ բազայի բացումը կարեւոր փուլ է Հայաստանում Wizz Air ընկերության ռազմավարական զարգացման մեջ եւ հնարավորություն՝ հոկտեմբերից ընդլայնել չվերթների աշխարհագրությունը՝ ավելացնելով 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա։

Wizz Air Hungary-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները սահիկաշարով ներկայացրեց ընկերությունը, ընդգծեց, որ իրենց բարձրակարգ օդանավերն աշխատում են CO2 գազի նվազագույն արտանետմամբ եւ աղմուկի 50 % կրճատմամբ: Շեշտեց, որ ողջ աշխարհում իրենք ունեն 100-ից ավելի ազգությունների շուրջ 9300 աշխատակիցներ, եւ որեւէ երկրում իրենց բազան հիմնելուց հետո անպայման ունենում են նաեւ տվյալ երկրից աշխատակիցներ: Wizz Air Hungary-ի գործադիր տնօրենը հավելեց, որ 2025թ տվյալներով իրենք 75 մլն ուղեւոր են ունեցել, եւ ունեն 34 բազա աշխարհի 16 երկրում: Ինչ վերաբերվում է Երեւանին, այստեղ կգործարկեն 2 օդանավ: Այստեղ ունեն 100-ից ավել աշխատատեղ եւ 20՝ ազգությամբ հայ գործընկերներ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով՝ ՀՀ կառավարության համար միջազգային բրենդների մուտքը Հայաստան առաջնահերթություն է. «Քանի որ զբոսաշրջությունը մեզ համար տնտեսության կարեւոր ճյուղ է, եւ մենք ռազմավարական նպատակ ունենք առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանը անցնել, 2030-2031թթ արդեն ունենալ 3 միլիոն եւ ավելի զբոսաշրջիկ, դրա համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում՝ նաեւ զբոսաշրջային, տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ:

Սա շատ կարեւոր քայլ է՝ մեր քաղաքացիներին մոտեցնելու աշխարհին, եւ մյուս կողմից աշխարհը մոտեցնելու Հայաստանի Հանրապետությանը: Եթե ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, մատչելի եւ հնարավորինս արագ հասնի Հայաստան»:

Նախարարը նշեց, որ նախկինում, դիցուք, Հռոմ հասնելու համար Հայաստանի քաղաքացին մի քանի անգամ թանկ էր վճարում ու մի քանի անգամ երկար էր թռչում, եւ եթե ՀՀ քաղաքացին դա անում էր դժվարությամբ, ապա նույնը չի կարող անել Իտալիայի քաղաքացին Հայաստան հասնելու համար:

Պապոյանն ասաց, որ սա շատ լավ հնարավորություն է մի կողմից հայաստանցիների մուտքը դեպի աշխարհ հեշտացնելու առումով, մյուս կողմից՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների համար Հայաստան գալը արագ, հեշտ եւ մատչելի դարձնելու առումով. «Դուք տեսաք ներկայացման մեջ Ֆրանսիայի մեկ նոր օդանավակայանից հասանելիություն, որը Փարիզին բավականին մոտ է, Գերմանիայով 2 օդանավակայան, Իտալիայում 2 նոր քաղաք, Կիպրոս, Ռումինիա, Չեխիա… Այս ամենը շատ կարևոր նշանակություն ունի եւ բազմազան հնարավորություններ է ստեղծելու մեր զբոսաշրջության ոլորտի համար: Շատ կարեւոր քայլ է նաեւ բազավորման ինստիտուտը:

Մենք բիզնեսին ունենք այսպիսի առաջարկ՝ ասում ենք, որ եթե մեկ միլիոն եւ ավել զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, մենք դրա համար որոշակի գումար ենք վճարում: Պայմաններից մեկն էլ այն է, որ պետք է անպայման նոր ուղղություն լինի, ու այդ նոր ուղղություններից մեկը երեկ Գյումրիից Լառնակա թռիչքն էր: Նաեւ կարեւոր պայմաններից է, որ ինքնաթիռները բազավորվեն Հայաստանի Հանրապետությունում»:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը եւս կարեւորեց Wizz Air ավիաընկերության բազավորումը Հայաստանում: Ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունը մեծ ջանքեր է ներդրել այս թռիչքներն իրողություն դարձնելու համար: Ինչ վերաբերվում է Գյումրիին, Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ասաց, որ ՀՀ կառավարությունը մեծ վարկային ծրագրով նախատեսում է առաջիկա 5 տարիներին բարելավելու զբոսաշրջային ենթակառուցվածքները: Նրա ձեւակերպմամբ, Գյումրին հանդիսանում է հենց այն կարեւոր զբոսաշրջային կլաստերներից մեկը, որտեղ եւս նախատեսում են իրականացնել ենթակառուցվածքների բարելավում:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն 2 ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ: Այսօրվանից սկսած «Wizz Air» ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի՝ Պրահա, Համբուրգ, Նեապոլ, Փարիզ Բովե, Պաֆոս, Բարի, Բուխարեստ, Մեմինգեն: Ավիաընկերությունը նաեւ կավելացնի դեպի Դորտմունդ թռիչքների հաճախականությունը՝ շաբաթը 4 անգամ։

Ընդհանուր առմամբ WizzAir- ը Երեւանից կիրականացնի չվերթեր դեպի 9 երկրներ՝ 16 ուղղություններով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031