«Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնն առաջին անգամ միավորեց Հայաստանի հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին և ունկնդրին մեկ հարկի տակ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համերգասրահում
Ավարտվեց հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված ևս մեկ փառատոն։ «Հայ ժամանակակից երաժշտության» փառատոնը իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար: Այս տարվա հերթական՝ 9-րդ փառատոնը, դուրս եկավ մայրաքաղաքային դահլիճներից և տեղափոխվեց Դիլիջան քաղաք։
Կարդացեք նաև
Դիլիջանյան օրերին՝ սեպտեմբերի 26- 28-ին, բացվեցին Հայաստանի լավագույն դահլիճներից մեկի՝ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համերգասրահի դռները։ Ի դեպ, ստեղծագործական տունը տեղակայված է բարձր սարերի թավուտ անտառներում և քանիցս, ոչ միայն հայ ստեղծագործողներ, մեզ հետ զրույցներում, հատկապես նշել են, թե այդ բնությունը ոգեշնչում է, տրամադրում, նույնիսկ պարտադրում ստեղծագործել։ Հայ ականավոր կոմպոզիտորներից շատերը հենց այստեղ են ստեղծել իրենց գլուխգործոցները։ Զբոսնելով ծառուղիներով տեսնում ենք մեր մեծերի՝ Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ավետ Տերտերյանի և մյուսների հուշատախտակները։ Եվ շատ խորհրդանշական է, որ այստեղ հնչում է նրանց երաժշտությունը։
«Հայ ժամանակակից երաժշտության» նախագծի առաքելությունն է հնչեցնել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, իրականացնել վերջիններիս պրեմիերաները: Դրան զուգահեռելով մեր դասականների գործերի կատարումները՝ մեծարելով, գնահատելով նրանց։ Ի վերջո, հայ կոմպոզիտորական դպրոցի նվիրյալների շնորհիվ է մեր ազգային կոմպոզիտորական արվեստը զարգացել, հասել բարձունքների։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) նախագահ Արամ Սաթյանը սիրում է կրկնել․ «․․․ կարևորելով մեր մեծերի թողած երաժշտական ժառանգությունը, մենք նորի կողքին մշտապես արժևորում և ներկայացնում ենք ժամանակի բովով անցած հրաշալի ստեղծագործությունները»:
Կայացած դիլիջանյան փառատոնի առիթով Aravot.am-ը զրույցի հրավիրեց արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀԿՄ անդամ ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, և քանի որ յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր սեփական ձեռագիրը, երաժշտական լեզուն ու ոճը, համերգների ընթացքում մեր զրուցակիցը բեմից հնարավորինս հակիրճ ներկայացրել է յուրաքանչյուր կատարվող երկ:
-Ասացեք խնդրեմ, որ՞ն է դիլիջանյան համերգների առավելությունը։
-Կոմպոզիտորների միության անձնակազմը կարևորում է այս տարվա մարզային նախաձեռնությունը։ Առաջին հերթին, դա մեր մարզային ունկնդիրն է, որը չունի լայն հնարավորություն հաճախելու մայրաքաղաքային համերգասրահներ՝ կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ելույթների։
Կարևորվում է նաև մեր պատանիների ներգրավվածությունը դիլիջանյան համերգներին։ Այս դեպքում Դիլիջանի ուսումնական հաստատությունների սովորողներն ու մանկավարժական անձնակազմը ոչ միայն ունկնդիր էին, այլ նաև մասնակից։ Դիլիջանի երաժշտական դպրոցի և պետական քոլեջի հավաքական երգչախումբը (խմբավար՝ Սերգեյ Հարությունյան) Գյումրիի պետական նվագախմբի հետ համատեղ մեծ ոգևորությամբ կատարեցին Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջերը» խմբերգը, որը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ շատ սիրում է։
Պատանիների ներգրավման կոնտեքստում, հարկ եմ համարում առանձնացնել փառատոնի ամենափոքր մասնակցին՝ 9-ամյա սաքսաֆոնահար Էդուարդ Մակարյանի ելույթը։ Նա փայլուն կատարեց Էդմոնդ Մակարյանի «Անքնություն երազում» ստեղծագործության սաքսաֆոնի նվագաբաժինը: Այս, սեպտեմբերի 26-ի դեբյուտը դարձավ նրա՝ «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակրի համար շատ նշանավոր օր՝ մեկնարկային կետ երաժշտական ասպարեզում։
-Բարձրաձայնեք կամ ներկայացրեք խնդրեմ փառատոնին մասնակից կոլեկտիվների, մյուս մենակատարների հետ ևս:
-Ժամանակակից երաժշտության նմանատիպ փառատոն առաջին անգամ էր անցկացվում մարզում։ Այն միավորեց Հայաստանի հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին մեկ հարկի տակ․ Վանաձորի մարզային կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Ասատրյան) և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Կարճյան)։
Փառատոնի համերգների դիրիժորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանը, որը հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն մեկնաբաններից է, նա ասում է․ «Երաժշտությունը պրոցեսուալ արվեստ է: Եթե գրված ստեղծագործությունը չի հնչում, կարող ենք ասել, որ այն չի գրվել: Այն պետք է առնվազն մեկ անգամ կատարվի, դրա համար էլ չափազանց կարևոր է Հայաստանի կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունը»։
Իրենց հետաքրքիր, գեղեցիկ կատարումներով մասնակցեցին մենակատարներ Վաչե Հովեյանը (ալտ) լարայինների հետ, Ազատ Հարությունյանը (թավջութակ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն) և Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն) կամերային նվագախմբի հետ, իսկ Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա) և Մարիա Խանդանյանը (ջազ-փոփ վոկալ) սիմֆոնիկ նվագախմբի հետ:
-Հետաքրքիր է, ի՞նչ գործեր կատարվեցին։
-2025թ․ առլեցուն է մեր փայլուն երաժիշտների, երաժշտության իսկական վարպետների հոբելյաններով՝ Ղազարոս Սարյան 105, Ալեքսանդր Հարությունյան 105, Գևորգ Արմենյան 105, Ալեքսանդր Աճեմյան 100, Էդգար Հովհաննիսյան 95, նաև ժամանակակից կոմպոզիտորներ՝ Խաչատուր Մարտիրոսյան 80, Վարդ Մանուկյան և Արմենուհի Կարապետյան։
Հայ կոմպոզիտորները ստեղծագործել են գրեթե բոլոր ժանրերում՝ երգից մինչև օպերա, սոնատից մինչև սիմֆոնիա և, բնականաբար երկու երեկոյի ընթացքում հնարավոր չէր ամբողջությամբ ներկայացնել նրանց արվեստը։ Այդ օրերին յուրաքանչյուր կոմպոզիտորի գործերից ներկայացվեց կամերային կամ սիմֆոնիկ ժանրի նմուշ՝ ծանոթացնելու, մեծարելու և ի հիշատակ։
Այդ իսկ պատճառով ՀԿՄ անձնակազմը կազմեց ծրագրերը այնպես, որ կատարվեն հնարավորինս շատ ստեղծագործություններ՝ համերգ-համայնապատկեր։
Հոբելյարների ստեղծագործությունների հետ միասին կատարվեցին նաև ժամանակակից կոմպոզիտորներ՝ Արամ Սաթյանի, Նարինե Զարիֆյանի և Հայկուհի Հակոբյանի, Դավիթ Հալաջյանի և Կարեն Անանյանի, Ժիրայր Շահրիմանյանի և Էդմոնդ Մակարյանի գործերը։
Կոմպոզիտորները իրենց մտորումները, հույզերն ու տրամադրությունը փոխանցեցին ազգային ինտանցիաներով և թեմաներով պարուրված բազմաժանր երաժշտությամբ։
Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լուսանկարները՝ Հայաստանի կոմպոզիտորների միության կայքէջից