Լրահոս
Օրվա լրահոսը

Սատանի՞զմ, թե՞ անփութություն․ Գյումրիում գլխիվայր շրջել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի աստղը

Հոկտեմբեր 01,2025 17:12

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի աստղը գլխիվայր շուռ են տվել (տես լուսանկարում

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ հարցնելով՝ «Սա սատանի՞զմ է, թե՞ անփութություն»։

«Մի քանի օր է՝ բողոքներ էի ստանում, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անմար կրակի աստղը փոխել, գլխիվայր են շրջել՝ սատանի տեսք հաղորդելով։ Չգիտեմ սա դիտավորություն է, թե՞ անփութություն, բայց կա փաստ, որ աստղը հակառակ է դրված։

Ակնկալում եմ, որ Գյումրու քաղաքապետարանը արագ կշտկի խնդիրը, կարևոր է իմանալ նաև՝ ո՞վ, ե՞րբ է կատարել փոփոխությունները»,-հարցրել էր Կարապետ Պողոսյանը։

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ աստղի՝ գլխիվայր շրջվելը նկատել է ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի հայտնի սպորտսմեններից մեկը (անուն-ազգանուն չցանկացավ նշել), որը տեսել է պատահաբար, խառնվել է իրար ու տեղեկացրել իրեն։

Երկրորդ անգամ այլ մարդուց ահազանգ ստանալով՝ Կարապետ Պողոսյանը գնացել ու համոզվել է՝ ինչ-որ մեկը սատանայությամբ է զբաղվում։

«Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն պետական մշակութային անձնագրով հուշարձան է, ու որևէ մարմին իրավունք չունի միջամտություն, փոփոխություններ, շտկումներ կատարելու՝ առանց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվության։

Ըստ Արթուր Գևորգյանի, տեղական որևէ կառույցի կողմից հուշարձանին ձեռք տալը քրեորեն պատժելի արարք է։

հուշարձանի նախկին տեսքը

Նշենք, որ «Սև Բերդի» մոտակայքում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է 1975 թվականի մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը։

Հուշարձանի հեղինակները ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանը և վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանն են։

Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զինվորի գերեզմանն ու կողքին վեր բարձրացած սեղմված բռունցքը ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031