Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լեւոն Բալյանի թեկնածություն

Հոկտեմբեր 01,2025 17:36

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լեւոն Բալյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին հակիրճ ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը:

Լեւոն Բալյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար՝ հակիրճ ներկայացնելով մասնագիտական ուղին եւ հանձնաժողովում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականը: Նա ասել է, որ պետական համակարգում, հատկապես՝ հանրային ծառայության տարբեր պաշտոններում իրականացրած աշխատանքը, քաղաքացիների հետ շարունակական շփումը հնարավորություն են տվել կուտակել առկա խնդիրների եւ հանրային ծառայության կառուցակարգերի վերաբերյալ մեծ փորձառություն, որն ինքը կարող է ներդնել առավել գլոբալ, արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Թեկնածուն նշել է, որ մասնագիտական ամբողջ գործունեությունը նվիրել է իրավական համակարգի հզորացմանը, արդարադատության ոլորտի բարեփոխումներին, վարչարարության որակի բարելավմանը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առանձնահատուկ պետական, հանրային վստահությունը պաշտպանող մարմին է, հայ ժողովրդավարության երաշխավոր, ազդակ եւ հիշեցում մեր քաղաքացիներին առ այն, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասել է Լեւոն Բալյանը՝ հավելելով, որ հանրային ծառայությունը պետք է ծառայի մարդկանց՝ ազնվությամբ, թափանցիկությամբ եւ բարեվարքությամբ:

2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի կենսագործման համար, ըստ զեկուցողի, կարեւոր նշանակություն ունեն բարեվարքության հարցերով կազմակերպիչների եւ էթիկայի հանձնաժողովների ինստիտուտի կատարելագործումը, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներն իրականացնելու համար առավել արդյունավետ, թվային, ժամանակակից գործիքների ներդրումը: «Կոռուպցիայի կանխարգելումը կարգախոս չէ, այլ ամենօրյա համառ աշխատանք, շահերի բախման հստակ կանոններ, հանրային իշխանության գործունեության թափանցիկության ապահովում, օրենքների ամբողջական կիրարկում»,- ասել է Լեւոն Բալյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 2-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորները հարցերով դիմում են ՀՀ վարչապետին եւ Կառավարության անդամներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031