«2026 թվականի բյուջեն, որը կառավարությունը հաստատել է և, ըստ էության, առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսական կտորը հաշվարկված է՝ ֆիքսում է, որ մենք 2026 թվականից սկսում ենք բարեփոխումը: Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումներն ամփոփված են»,-եկող տարվանից առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը ամրագրված է եռամյա փուլային շրջանակներում եւ մենք սկսում ենք՝ 2026 թվականից՝ ներառելով բնակչության հետեւյալ խմբերը: Ինչ հիմա կնշեմ, վերաբերվում է 2026-ին:
Մինչեւ 18 տարեկան երեխաները պետության 100 % սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ:
Կարդացեք նաև
65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ: Ես այս մասը ուզում եմ կարեւորել նրանով, որ պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, որոնք տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի կայացման, զարգացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները: Մեզ ուղղվող հիմնական կարիքների, պահանջների մեջ ամենամեծ ծավալը հենց այդ խմբի մեր քաղաքացիներն են:
Հաջորդը. 18-65 տարեկան, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները եւ անապահովության 28 եւ ավելի բալ ունեցող քաղաքացիները եւս կներառվեն առաջին փուլով, հաշվի առնելով ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգերը»,-ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը առանձնահատուկ անդրադարձավ ամսական 200 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող խմբին, որը նույնպես հայտնվել է 2026 թվականի փուլում: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ նշվում էր 500 կամ 300 հազար դրամի մասին: «Բայց հաշվարկները եւ ռեսուրսները ֆիքսելով՝ այս քայլը կարողացանք անել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների առաջին փուլ ներառելու նպատակով: Այս անձանց թիվը մոտ 190 հազար է, իսկ 2026 թվականին քաղաքացիների ընդհանուր թիվն ընդհանուր առմամբ 1 մլն. 600 հազար է»:
Նախարարը հատուկ շեշտեց եւ հանրությանը հորդորեց շատ ուշադիր լինել այն հանգամանքի վրա, որ պետության կողմից 100% սուբսիդավորվող ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք ռեզիդենտ են: «Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները տեղյակ լինեն մի կարեւոր նրբության մասին: Քանի որ այս միջոցներն ուղղվում են մեր բյուջեից, մենք ամրագրել ենք ռեզիդենտ լինելու կարգավիճակը: Այսինքն, Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում:
Հաշվի առնելով տնտեսական զարգացման մեր տեմպերը, հնարավորությունները եւ այն նկատառումը, որ ապահովագրության փաթեթը պետք է մեկնարկել եւ ընթացքում ծառայությունների փաթեթը ընդլայնել, առաջին փուլի համար սահմանել ենք 129600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապ օգնության ծառայություններ: Այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են եւ ամեն քաղաքացի հստակ տեսնելու է, թե այդ ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվո՞ւմ է, թե ոչ»,-ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ