ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում ձեր ելույթներից հետո հնչում են կարծիքներ, որ տարածաշրջանային կոմունիկացիների վերաբացման հարցով ձեր դիրքորոշումները կարծրացել են, ինչի՞ հետ է սա կապված»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ իր դիրքորոշումները չեն փոխվել, չեն կարծրացել։ «Այն, ինչ արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, ոչ միայն դա մեր քաղաքականությունն է, մեր կամքն է, այլեւ մենք կարծում ենք, որ օր առաջ դա պետք է իրագործվի, րոպե առաջ պետք է իրագործվի»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ կան ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթեր, եւ երբ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ, հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ արտահայտությունները։
«Օրինակ՝ հնչեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ արտահայտությունը։ Մենք բացում, կարդում ենք էս թուղթը, որը ստորագրել ենք Վաշինգտոնում, ստեղ կա՞ ըտենց արտահայտություն, չկա։ Եվ ես պարզ հարց տվեցի, ասացի՝ արժե, որ պարզաբանում հնչի, այդ որտեղի՞ մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ մեր հանրության շրջանում այդ արտահայտությունը նյարդ է առաջացնում, պետք է հասկանալ՝ դա ինչի համար է օգտագործվում, որ այդ նյարդն առաջանա՞։ Եթե Ադրբեջանն այդպիսի անուն է ուզում օգտագործել Հորադիզ-Զանգելան ճանապարհի վրա, մենք մեզ պիտի հարց տանք՝ դա մեզ հուզում է, թե՞ չի հուզում։ Ես ասում եմ՝ ՀՀ տարածքի վերաբերյալ չեն կարող լինել այլ բնորոշումներ։
Ինչ վերաբերում է կոմունիկացիների խնդիրին, մենք պետք է օր առաջ բացենք։ Հիմա մենք առանց որեւէ խնդրի կարող ենք սկսել գազամուղերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի նախագծումն ու կառուցումը։ Մենք հիմա երկաթուղու նախագծումը պետք է սկսենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ