ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց կառավարության անդամներին․ «Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թվականը խոստացել էիք նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին, միջին կենսաթոշակի չափը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձն էլ դարձնել 85 հազար դրամ։ Հիմա ներկայացնեմ վիճակագրությունը․ շուրջ 500 հազար կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակի միջին չափը 49 հազար դրամ է, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 75 800 դրամ։ Այսինքն՝ դուք պետք է հաջորդ տարվա համար 67 տոկոսով բարձրացնեք միջին թոշակի չափը, որ ձեր խոստումը կատարած լինեք, մոտ 20-21 տոկոսով էլ պիտի բարձրացնեք նվազագույն կենսաթոշակի չափը, իսկ մոտ 13 տոկոսով՝ նվազագույն աշխատավարձի չափը, որ էլի ձեր խոստումը կատարած լինեք։ Դուք արձանագրո՞ւմ եք, որ կառավարությունը ձախողել է իր հնգամյա ծրագրի սոցիալական խոստումները, քանի որ ձեր հաստատած 2026 թվականի բյուջեի նախագծում նման փոփոխություններ ուղղակի չկան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց, որ կառավարությունը նորարական գործիքներ է կիրառում կենսաթոշակների բարձրացմանը հասնելու համար։ «Եվ այսօր գործող ծրագիր ունենք, որը հետվճարի համակարգն է, որը նաեւ նպաստում է ստվերի վերացմանը մեր հանրապետությունում։ Եվ ես այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք 2026 թվականի հունվարի մեկից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերեւ։ Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն մենք սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է 3000-3500 դրամի սահմաններում»,- ասաց Թորոսյանը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ