«Դաշնակցությունը փակելու անհրաժեշտություն չկա, դուք ամեն օր փակում եք Դաշնակցությունը։ Էսպես մի քիչ էլ կձգվի ու կփակվի»,- խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Դաշնակցության վերաբերյալ ձեր կանխատեսումներն իրականություն կդառնան այնպես, ինչպես ձեր նախընտրական խոստումները»,- հակադարձեց Քրիստինե Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հեգնել էր՝ ասելով մուննաթ եք գալիս ԵԽԽՎ պատգամավորի վրա, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն է օգտագործում, միգուցե Փաշինյանն Ալիեւին դատապարտի, ով ամենօրյա ռեժիմով է այդ արտահայտությունն օգտագործում։
Քրիստինե Վարդանյանը նաեւ Նիկոլ Փաշինյանին ասաց՝ ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ընդդիմությունն իր «սրտի ընդդիմությունն է»․ «Եթե ձեր սրտի ընդդիմությունն ենք, ինչի՞ եք հետապնդում։ ԵԽԽՎ-ում գլուխ եք գովում, ասում եք՝ Հայաստանն այնքան ժողովրդավար է, որ ընդդիմադիր համայնքապետեր են ընտրվում։ Կասե՞ք ոնց է ստացվում, որ այդ համայնքապետերը հենց ընտրվում են՝ քրեական գործ է հարուցվում, ո՞նց է լինում, որ ընդդիմադիր համայնքապետ է սպանվում եւ այլն»։
Կարդացեք նաև
«Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, բացահայտեք»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
«Դուք ավելի լավ է խոսեք դաշնակցական Պողոս Պողոսյանի, Պռոշյանի դաշնակցական համայնքապետի սպանության մասին»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ էլ հավելեց, որ Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը կատարողները բացահայտված են, վստահ է, որ ամբողջությամբ կբացահայտվի, Պողոս Պողոսյանի գործը դատարանում է, Խոռխոռունու սպանությունն էլ վստահ է՝ կբացահայտվի, «Մարտի 1-ի» գործն էլ բացահայտված է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ