Դիմողներ Մարինե Կպրյանը, Անժելա Ասրիբաբայանը գտնում են, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների էությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր իրավական պետություն պարտավոր է իր ներպետական օրենսդրությամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծել՝ արդարադատության մատչելիության, հասանելիության սկզբունքների ապահովման, անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար;
2005 թ. ապրիլի 12-ին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Համապատասխան փոխհատուցմամբ զբաղեցված տարածքից վտարելու պահանջի մասին» հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որով պահանջել է դիմողներին և նրանց ընտանիքի անդամներին վտարել քաղաք Երևան, Աբովյան փողոցի 3/2 հասցեից՝ համապատասխան փոխհատուցմամբ։
2005 թ. սեպտեմբերի 7-ին դատարանը կայացրել է թիվ 2-3171-2005թ. վճիռը, որով բավարարել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերոնշյալ հայցը։
2006 թ. հոկտեմբերի 4-ին դիմողների անունից ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ է ներկայացվել Եվրոպական դատարան։
Կարդացեք նաև
2017 թ. հունիսի 13-ին կառավարությունը միակողմանի հայտարարությամբ դիմել է Եվրոպական դատարան, ընդունել է դիմողների իրավունքների խախտման փաստը, առաջարկել ամբողջ նյութական և ոչ նյութական վնասի համար վճարել դիմողներին, որից հետո՝ 2019 թ. հունվարի 24-ի թիվ 52-Ն որոշմամբ 118.000 եվրոյին համարժեք 65.611.540 ՀՀ դրամը փոխանցվել է Մարինե Կպրյանի բանկային հաշվեհամարին (Անժելա Ասրիբաբայանը դիմել է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին՝ խնդրելով վճարման ենթակա գումարի իրեն հասանելիք մասը փոխանցել Մարինե Կպրյանի բանկային հաշվեհամարին)։ Համաձայն Եվրոպական դատարանի՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ի որոշման 8-րդ կետի՝ այդ հայտարարության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետության իշխանություններն ընդունում են, որ դիմումատուներին գույքից զրկելը չի համապատասխանել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին: Կառավարությունն ափսոսանք է հայտնում, որ դիմումատուներին գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության սկզբունքին՝ չի կատարվել «օրենքով սահմանված պայմանների համաձայն»: Դիմումատուների սեփականության օտարման հետ կապված ոչ մի օրենք չի ընդունվել, և օտարման ողջ գործընթացը հիմնված է եղել Կառավարության մի շարք որոշումների վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդունելով, որ խախտվել են դիմումատուների իրավունքները, առաջարկում է ամբողջ նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բոլոր ծախսերը և ծախքերը հատուցելու համար դիմումատուներ Մարինե Կպրյանին և Անժելա Ասրիբաբայանին միասին վճարել 118 000 եվրո: Վերոնշյալ գումարն ազատվում է գանձման ենթակա ցանկացած հարկից և կփոխարկվի Հայաստանի Հանրապետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը ենթակա է վճարման քննվող գործերի ցուցակից գործը հանելու մասին դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթացքում: Այս գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրը վճարել այդ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոսադրույք՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում (…)»:
Եվրոպական դատարանը 2018 թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունել է ի գիտություն պատասխանող կառավարության հայտարարության պայմանները՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով և դրանում նշված այդ հանձնառության կատարումն ապահովելու եղանակները, որոշել է գանգատի այդ մասը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան, ինչպես նաև գանգատի մնացած մասը հայտարարել է անընդունելի:
2018 թ. դեկտեմբերի 26-ին դիմողները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով «… ամբողջությամբ բավարարել սույն վճռաբեկ բողոքը և՝ հարուցել 26/12/2005թ-ի թիվ 05-3626 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 07/04/2006թ-ին 3-574 (ՎԴ) գործով կայացրած որոշումը նոր հանգամանքով վերանայելու վարույթ, ամբողջությամբ բեկանելով դրանք և, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով և օրենսգրքի 427 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ կայացնել նոր դատական ակտ և մերժել դիմողների դեմ ներկայացված հայցադիմումն ամբողջությամբ»։
2019 թ. հունիսի 13-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշում: Ըստ Վճռաբեկ դատարանի` թեև սույն պարագայում Եվրոպական դատարանի 16.10.2018 թ. որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 07.04.2006 թ. թիվ 3-574 ՎԴ գործով որոշումը վերանայելու համար, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերաբացումը մինչև խախտումը եղած իրավիճակի վերականգնման արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ՝ նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոք բերած անձանց խախտված իրավունքներն արդարացի փոխհատուցման եղանակով արդեն իսկ վերականգնվել են :
ՍԴ դիմողների կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը կիրառել է օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը, որը հակասում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներին, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներին, հետևաբար՝ նաև Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքին, միջազգային մարմիններին դիմելու իրավունքը երաշխավորող դրույթներին: Նրանք նշում են, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ հնարավորություն է ստեղծում Եվրոպական դատարանի որոշումը մեկնաբանել իրենց իրավունքների սահմանափակման, այլ ոչ նրանց նվազագույն պաշտպանության նպատակով:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն անդրադառնալով արդեն իսկ միակողմանի հայտարարության դեպքում դիմողներին տրամադրվող փոխհատուցման չափին, հարկ է համարել նշել, որ «ՀՀ կառավարությունը, փոխհատուցման չափը որոշելիս, հիմք է ընդունում նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից տրամադրված 12 փոխհատուցման չափը, ինչպես նաև գործի կոնկրետ հանգամանքները՝ դրա համարժեքության գնահատման հարցը թողնելով դատարանի հայեցողությանը… նյութական վնասի փոխհատուցման արդարացի չափի սահմանումը և հետագայում դրա հատուցումը … կոմպենսացնում են ներպետական մակարդակում անձի իրավունքի խախտումն արձանագրելու և համարժեք փոխհատուցում տրամադրելու ազգային կառուցակարգերի թերացումը կամ դրանց անգործությունը՝ ապահովելով վնասի հատուցման վերաբերյալ պահանջի լիարժեք բավարարում»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքն օտարելիս սեփականատիրոջը վճարվող փոխհատուցումը կարող է համարվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «համարժեք», եթե դրանում հաշվառված է նաև գույքի օտարումից ածանցվող՝ սեփականատիրոջ կողմից անհրաժեշտաբար կատարվող բոլոր ողջամիտ ծախսերի դիմաց փոխհատուցումը: ՍԴ-ն որոշեց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր և` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2025