Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլն առայժմ զգուշավոր է, ուղիղ չի ընդդիմանում «Թրամփի ուղուն»

Հոկտեմբեր 02,2025 12:00

Մոսկվան «Թրամփի ուղու» մասին դիրքորոշումը կձեւակերպի, երբ «մանրամասն պատկերացում ունենան»

«Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շուրջ Ռուսաստանն իր դիրքորոշումը կձեւակերպի, երբ Մոսկվան մանրամասն պատկերացում ունենա, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը, այս մասին «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում օրերս հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով` Ռուսաստանի արտաքին քաղաքականության անսասան առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդումն է, ու այդ մոտեցմանը համահունչ՝ Մոսկվան, բնականաբար, աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված` «Թրամփի երթուղուն», Ռուսաստանի դիրքորոշումը կձեւակերպվի, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։ Մեր տեղեկություններով, այդ աշխատանքը նոր է մեկնարկում։ Բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ռեժիմները, ինչպես նաեւ երթեւեկության անվտանգությանն առնչվող մանրամասները դեռեւս համաձայնեցված չեն։ Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը կպահանջեն հաշվի առնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքները, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը՝ հիմնվելով երկկողմ փաստաթղթերի վրա։ Ես միաժամանակ կցանկանայի ավելացնել, որ ռուսական կողմը բաց է այս հարցերի շուրջ խորհրդակցությունների համար ինչպես իր հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ», նկատել է դեսպանը։

Նա հարկ է համարել շեշտել, որ ՌԴ-ն եւ անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է հիմք դրել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին. «Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022թթ. կնքված եռակողմ համաձայնագրերը ոչ միայն դադարեցրին արյունահեղությունը տեղում, այլեւ սահմանեցին Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները, դրանց թվում՝ խաղաղության պայմանագրի մշակումը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանագծումը եւ սահմանազատումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ կապերի զարգացումը»։

Դեսպան Կոպիրկինն անդրադարձել է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի թեմային, նշելով, որ նրա դուրսբերման հարց Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։ «102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն եւ տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միեւնույն ժամանակ, մեր զինվորականները որեւէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որեւէ մեկի համար»,-ընդգծել է դեսպանը։ Այնուհետեւ նա հիշեցրել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին» համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995թ. մարտի 16-ին՝ 25 տարով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։ «Ավելի ուշ՝ 2010-ին, մեր երկրները Երեւանում ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում երկարաձգվեց մինչեւ 2044-ը՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ», նշել է Կոպիրկինը։

Դեսպանը շոշափել է նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող թեմաները, նկատելով, որ ոլորտում կուտակված բոլոր հարցերը լուծվում են կառուցողական ճանապարհով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով ու առայժմ ոչ մի տագնապալի ազդանշան ռուսական տնտեսական օպերատորներից չի ստացվել։ Նա այդպես է պատասխանել հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, արդյոք, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման հետ կապված իրավիճակի կրկնումը ռուսական կապիտալով այլ ընկերությունների դեպքում: Կոպիրկինը հիշեցրել է՝ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային եւ ներդրումային գործընկերն է: ՌԴ տնտեսական օպերատորները հաջողությամբ աշխատում են Հայաստանի տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են ՏՏ-ն, լեռնահանքային եւ վառելիքաէներգետիկ համալիրը, միջուկային էներգետիկան, տրանսպորտային լոգիստիկան, բանկային հատվածը եւ այլն: Ռուսական կապիտալով ընկերությունները նաեւ Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են, ակտիվորեն մասնակցում են սոցիալական նախագծերի եւ ծրագրերի իրագործմանը: «Մենք տեսնում ենք, որ հայ գործընկերներն իրենց հերթին եւս շահագրգռված են Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության պահպանմամբ եւ բազմապատկմամբ՝ երկրի բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդման համար»,-հավելել է նա:

Ըստ ամենայնի, դեսպանն այսպիսով պատասխանել է ՀԷՑ-ի ազգայնացման եւ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորման ֆոնին հասարակության մեջ քննարկվող հարցադրումներին, համաձայն որոնց՝ նույն ճակատագրին կարող են արժանանալ Հայաստանում ռուսական կապիտալով այլ ընկերությունները, մասնավորապես` «Գազպրոմը», Հարավկովկասյան երկաթուղիները:

ԵՄ-ին մերձենալը խոչընդոտո՞ւմ է ԵԱՏՄ-ին անդամակցությանը

Դեռեւս այս տարվա ամռանը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին, հայտնել էր, որ Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում այն մասին, որ Երեւանի՝ Եվրամիությանը մերձենալու նորմերը հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին: Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը այս տարի մարտի 26-ին ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական «Եվրաքվե» նախաձեռնության կողմից։ Դրանից հետո ՌԴ պաշտոնյաները նշում են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի են, եւ Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջեւ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։

Այժմ, այս հարցը, կարծես մնացել է օդում: Փաշինյանի իշխանությունը, նկատելի է, որ կտրուկ քայլեր ձեռնարկելու կողմնակից չէ: «Թրամփի ուղու» դեպքում էլ` Մոսկվան մաքսիմալ զգուշավորություն է ցուցաբերում:

Օգոստոսի կեսերին փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ ՌԴ-ն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երեւանը դա անհրաժեշտ է համարում: Նա նաեւ հավելել էր, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ «եթե նրանք կարծում են, որ ստորագրված հռչակագիրը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին։ Սա ամբողջությամբ մեր շահերից է բխում»։

Միաժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետը հավելել էր՝ կան որոշ հարցեր, որոնք Մոսկվան պետք է ճշգրտի կողմերի հետ: «Որոշ նրբություններ վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ եւ առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից», – ասել է նա, հավելելով, «եթե գտնվել են այդ հարցերի լուծումները, ապա անհրաժեշտ է, որ մենք դրանք տեղափոխենք տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, հաշվարկների հարթություն, դիտարկենք այդ նախագծերի տնտեսական բաղադրիչը եւ զբաղվենք ապաշրջափակմամբ։ Բայց դրա համար պետք են եռակողմ ջանքեր այն փոխգործակցության շրջանակներում, որ մենք ունեինք եւ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ»։ Ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ զգուշացրել էր` «տարածաշրջանից դուրս ցանկացած խաղացողի մասնակցություն կխախտի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, ինչը կունենա բացասական հետեւանքներ»։

Այս հայտարարություններից օրեր անց Երեւան ժամանեցին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Ակնհայտ էր, որ այցի առիթը` վաշինգտոնյան պայմանավորվածություններն էին: Ռուս պաշտոնյաներին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը քննարկվել էին Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Նրանք անդրադարձել էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների, մտքեր էին փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ասվում էր ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

2020թ. 44-օրյա պատերազմից հետո տրանսպորտային ապաշրջափակման հարցը Երեւանն ու Բաքուն Մոսկվայի մասնակցությամբ էին քննարկում, անգամ փոխվարչապետների հանձնաժողով ստեղծվեց, որը, փաստացի, չի գործում: Հուլիսի կեսերին Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը, որը զբաղվում էր ապաշրջափակման հարցով, վաղուց չի գործում։ Նրա խոսքով՝ խմբի գործունեությունը դադարեցվել է տեքստային տարաձայնությունների ու մեկնաբանությունների պատճառով։ «Բացի այդ, դա տեղի է ունեցել նաեւ գործնական խնդիրների, ինչպես նաեւ, ասենք ուղղակի, վստահության բացակայության պատճառով», պարզաբանեց Փաշինյանը։

Եվ այսպես, Մոսկվան ուղիղ չի ընդդիմանում Վաշինգտոնի միջնորդությամբ եւ մասնակցությամբ ապաշրջափակման պայմանավորվածությանը, սակայն Մոսկվայից հայտարարում են՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են` Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ իհարկե` ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։

Փաշինյանի համոզմամբ` Վաշինգտոնյան համաձայնագրով` «ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլեւ Ռուսաստանը եւ Իրանը կունենան շատ կարեւոր օգուտներ»:

Սակայն պարզ է, որ բոլոր այս երկրներին հետաքրքրում են` «նրբությունները», իսկ դրանք ներառում են տնտեսականից բացի` աշխարհաքաղաքական հարցեր: Թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը կարող են խոչընդոտել «Թրամփի ուղու» իրականացմանը, եթե ի վերջո, նրանց համար պարզ դառնա, որ Մոսկվայի ու Թեհրանի շահերը հաշվի չեն առնվում:

Սեպտեմբերի սկզբին Օվերչուկն անդրադարձել է «Թրամփի ուղուն», նշելով, որ այդ հարցը քննարկվում է Երեւանի եւ Բաքվի հետ եւ վստահեցնելով` «մենք պատկերացում ունենք, թե ինչպես է դա լինելու»։ Ավելին, նա հավելել էր՝ նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար տրանսպորտային ընդհանուր շրջանակի ձեւավորմանը։ «Եթե նման ճանապարհ լինի, այն, ի թիվս այլնի, կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապին։ Մեր գնահատմամբ՝ այն, հավանաբար, մեր երկրների միջեւ ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհն է լինելու», ասել էր Ռուսաստանի փոխվարչապետը։

Ապա Օվերչուկը հավելել էր, որ Հայաստանը նաեւ պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը եւ ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. «Դա Հայաստանի իրավունքն է։ Սակայն, օրինակ, Ռուսաստանից ստացվող էներգիայի եւ սննդամթերքի համար այլ գներ կսահմանվեն։ Նաեւ, ինչպես գիտեք, ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի երկինքը նույնպես փակ կլինի ռուսական ինքնաթիռների համար, իսկ Ռուսաստանի երկինքը՝ Հայաստանի համար»։

Այսպիսով, ՌԴ պաշտոնյան, ոչ ավել, ոչ պակաս, արձանագրեց, որ ԱՄՆ-ում նախկինում համաձայնեցված տրանսպորտային երթուղով ճանապարհի կառուցումը կնպաստի ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձեւավորմանը, կնպաստի Հայաստանի կապին Ռուսաստանի հետ, եւ որ իրենց գնահատականներով՝ դա հավանաբար կլինի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհը։

Ասել է թե` Մոսկվան սպասում է, թե Երեւանը հաշվի՞ է առնելու ռուսական շահերը վաշինգտոնյան փաստաթղթերի համատեքստում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031