Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վերցնել Ռումինիայից՝ Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման որակը բարելավելու համար

Հոկտեմբեր 02,2025 12:30

Կամ՝ ինչ է հուշում հայազգի գիտնականի անունը կրող Բուխարեստի UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջի փորձը

Վերջերս Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) որակի ապահովման կարողությունների զարգացման առաջին վերապատրաստումը՝ Էրազմուս + «Փորձնական հավատարմագրման իրականացում. աջակցելով ՀՀ-ում որակի ապահովման գործընթացներին», (QA4VET) ծրագրի շրջանակում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչ միայն վերլուծել եվրոպական փորձը, այլեւ մշակել առաջարկություններ՝ միտված հայաստանյան մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններում որակի բարելավմանը։

Ռումինիայում վերապատրաստման ժամանակ կարեւորվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես՝ աշխատաշուկայի եւ տնտեսության հետ կապի ամրապնդումը, ռումինական փորձը՝ որակի արտաքին ապահովման գործընթացներում։

Վերապատրաստման մասնակիցներն, ի թիվս այլնի, այցելեցին Բուխարեստի UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջը, որը կրում է հայկական ծագում ունեցող գիտնական, աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա եւ պետական գործիչ Սպիրու Հարեթի անունը: Ռումինացիները հպարտ են նրանով, Հարեթը մի քանի անգամ եղել է երկրի կրթության նախարար, նրա կիսանդրին կանգնեցված է ոչ միայն քոլեջում, այլեւ Ռումինիայի կրթության նախարարության շենքի առաջ:

UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջում հայ մասնագետները հանդիպումներ ունեցան դասախոսների եւ ուսանողների հետ, հարցեր ուղղեցին ռումինացի գործընկերներին: Հանդիպումը վերածվեց փորձի յուրատեսակ փոխանակման: UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջում կրթական ծրագրերն առավելագույնս մերձեցված են գործնական աշխատանքներին, որոնք պետք է իրականացնեն քոլեջի շրջանավարտները՝ համապատասխան որակավորումը ստանալուց հետո:

Aravot.am-ի հարցին՝ ինչով է իրենց քոլեջը յուրահատուկ, UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջի տնօրեն Գաբրիել Զորզինին նշեց, որ իրենց ուսանողների 90 տոկոսը առանց դժվարությունների աշխատանք է գտնում աշխատաշուկայում, պատրաստվում են պահանջված մասնագետներ, իրենց քոլեջը ժամանակակից մեթոդներով ու ծրագրերով աշխատող տրադիցիոն հաստատություն  է, որը համագործակցում է մի շարք  հեղինակավոր ընկերությունների, օրինակ՝ Loreal- ի, Ֆորդի հետ, քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա: Տնօրենը համոզված է, որ UCECOM «Սփիրու Հարեթ» քոլեջի ուժեղ կողմը համագործակցություններն են՝ 300-ից ավելի տնտեսական կազմակերպությունների հետ: Նա նաեւ նշեց, որ իրենց ուսանողները պարբերաբար  ակտիվորեն մասնակցում են միջազգային զանազան մրցույթների:

Գաբրիել Զորզինին հավելեց, որ բոլորը գիտեն, թե ում անունն է կրում Ռումինիայի ամենահին մասնավոր քոլեջը: Խոսեց նաեւ այն լուսավորչական գործունեության մասին, որ իրենց երկրում ծավալել է Սփիրու Հարեթը;

Հավելենք, որ QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով եւ իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր եւ գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում եւ կրթության որակի մշակույթի ձեւավորմանը: QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում) նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։ Հայաստանից ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, «Կրթական քաղաքականության եւ կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Նախագծում ներգրավված է նաեւ գերմանական «ԻՆՎՈԼԱՍ» մասնագիտական կրթության, աշխատաշուկայի եւ սոցիալական քաղաքականության ինստիտուտը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
01.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031