Երեւանի քաղաքապետարանը քննարկում է սկսել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում սահմանափակելու առաջարկի շուրջ։
Բայց ընդամենը օրեր առաջ մեծ սկանդալ տեղի ունեցավ, երբ պարզվեց, որ առաջին դասարանի Այբբենարանից հանվել է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը: Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ արդարացավ, թե երեխաները Մաշտոցին կարող են ծանոթանալ QR-ների միջոցով:
Կրթության փորձագետ, dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Հիմնվելով աշխարհի տարբեր երկրների փորձի վրա, կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ երկրներում այս թեմայի հետ կապված կան լայն քննարկումներ: Օրինակ` Ֆրանսիան 2018 թվականից 7-15 տարեկան տարիքային խմբերին արգելում է բջջային հեռախոսներով դպրոց հաճախել: Մեծ Բրիտանիան 2024 թվականին ուղեցույց հրապարակեց այն մասին, թե դպրոցներն ինչպես կարող են դասընթացը կազմակերպել, որ ողջ օրը բջջային հեռախոսի կիրառման արգելք սահմանվի դպրոցներում: Նիդերլանդները եւս այդ տրամաբանության մեջ են, Ավստրիան, Բրազիլիան, Չինաստանը, դրանք՝ բոլորը, փորձում էին սահմանել հստակ հնարավորություն, որպեսզի բջջայիններն արգելափակվեն դպրոցներում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2023 թվականի իր զեկույցում եւ 2025-ի թարմացված տարբերակում ավելի կոմպրոմիսային լուծում է առաջարկում, ասում է, որ դպրոցները, այո, շատ լավ տիրապետում են այս խնդիրներին, սակայն եթե արգելեն երեխաներին օգտվել բջջային հեռախոսներից, ապա դա կնշանակի, որ կրթական հաստատությունները դեմ են գնում թվային գրագիտությանը, ինչը չի կարող լինել խրախուսելի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է ունենալ ոսկե միջինը՝ առաջարկելով գրագետ լուծումներ: Օրինակ` աշակերտները կարող են օգտվել սարքավորումներից, եթե դրանք հստակ նպաստում են կրթական ծրագրերին եւ ուսումնական գործընթացներին: Օրինակ` եթե դասագրքում կա QR, ապա աշակերտն ուսուցչի թույլտվությամբ այն կարող է կիրառել կոնկրետ նպատակով: Աշխարհում կա կրթական գործիքների հստակ կիրառում ասվածը: Օրինակ` ԱՄՆ-ն նույնպես, ինչպես նաեւ շատ այլ երկրներ, արգելում է կիրառել բջջային հեռախոսներ, սակայն ստեղծել են համապատասխան սարքեր: Աշակերտը դպրոց մտնելիս հեռախոսը տեղադրում է այդ սարքի մեջ եւ միայն դասերի ավարտից հետո իրավունք ունի հեռախոսը հանել սարքից: Կան նաեւ հստակ մեխանիզմներ, արտակարգ իրավիճակներ, առողջական հարցեր եւ այլն: Օրինակ` ԱՄՆ-ում մի շարք կրթական հաստատություններ արդեն իսկ անցել են «խրոմ բուքերի»: Բջջային հեռախոս չեն թողնում, սակայն ապահովում են այլ սարքավորմամբ: 21-րդ դարում աշակերտին արգելել կիրառել էլեկտրոնային սարքեր, աբսուրդի կբերի: Ամբողջ աշխարհը գնում է թվային զարգացման, եւ դու չես կարող ուղղակի արգելել կիրառել տեխնիկա: Հստակ մեխանիզմներ են հարկավոր, որպեսզի տպավորություն չլինի, թե տվյալ որոշումը կայացնելուց առաջ մատից հոտ են քաշել:
Կարդացեք նաև
Եթե Մեսրոպ Մաշտոցին կարող են ծանոթանալ միայն QR-ների միջոցով, ապա ինչպե՞ս ես արգելում նրանց օգտվել հեռախոսից: Ստացվում է, որ երեխան Մաշտոցի մասին տեղեկություններ կարող է ստանալ դպրոցից դուրս»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: