«Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ եւ նրա իրականացրած գործողություների կամ անգործության հետեւանքով ՀՀ հարկատուների գրպանից 4,5 մլրդ դրամ պարզապես մսխվել է։ Խոսքը Ֆլայ Արնա ավիաընկերության ստեղծման մասին է։ Ունենք ձախողված պրոյեկտ, ավիաընկերությունը չկա, եւ նույնիսկ կա հայց ՀՀ դեմ։ Բայց քանի որ շատերը հարցնում են՝ լավ, սա ինչպե՞ս է տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ուներ այս գործընթացի մեջ, ուզում եմ հիմնավորում ներկայացնել»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընթերցեց «Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գխավոր գործադիր տնօրենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակից մի հատված։ «Նիկոլ Փաշինյանը քցել է «Էյր Արաբիա» ընկերությանը ու իր խոստումները չի կատարել։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կան ծրագրեր, որոնք ուղղակի խայտառակություն են, դա խայտառակություն չէ, Նիկոլ Փաշինյան, դա ձեր գործողությունների կամ անգործության հետեւանքով մեր հերոս հարկատուների վրա արժեցած 4,5 մլրդ դրամ է։ Այս հիմքերն ընդունելով՝ մեր դեմ հայց է ներկայացված միջազգային դատարանում»,- ասաց նա։
Անդրադառնալով երկրում հանցավորության աճին՝ Աննա Գրիգորյանն ասաց՝ տպավորություն է, թե Սիցիլիայում ենք ապրում։ Անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը՝ նա նշեց․ «Քննչական կոմիտեն ի սկզբանե պաշտոնական վարկած է առաջարկում, որ դա անձնական վրեժխնդրության հողի վրա է տեղի ունեցել։ Հիմա եկեք հասկանանք՝ անձնական վրեժխնդրություն իրականացնելու համար՝ նշանակում է Վալոդյա Գրիգորյանը կամ նրա եղբայրը կատարել են այնպիսի գործողություններ, որոնց պատասխան գործողություններն անձնական վրեժխնդրություն են։ Վալոդյա Գրիգորյանը որեւէ հանցագործություն չի իրականացրել, նրա եղբայրը, ում անունը կապում էին փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների հետ, չի անցնում այդ գործով։ Այսինքն՝ երբ ՔԿ ղեկավարը Հ1-ի տաղավարից անպատասխանատու կերպով ասում է, որ գործը բացահայտված է եւ դրա հիմնական հիմքն անձնական վրեժխնդրությունն է, նախ պետք է հիմնավորի, թե այդ անձնական վրեժխնդրությունն ի՞նչ հիմքով է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա ասաց, որ քննությունը պետք է շարունակվի, ավելի մեծ շրջանակ պետք է ընդգրկվի, թե ինչու է տեղի ունեցել այս ողբերգական իրադարձությունը։ «ՔԿ-ն պետք է քննության առարկա դարձնի նաեւ այն հանգամանքը, թե ինչո՞ւ է Վալոդյա Գրիգորյանի քաղաքական հակառակորդ Մհեր Ախտոյանը 10 օր առաջ մեկնել ՀՀ-ից, եւ նրան ճանապարհել է այն նույն անձը, ով հետագայում պետք է իրականացներ այդ սպանությունը»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ