Լրահոս
Օրվա լրահոսը

Լսումների միջոցով զեկույցի ներկայացումն Անդրանիկ Քոչարյանը համարում է զեկույցի իրավական նշանակության նվազեցում

Հոկտեմբեր 02,2025 14:12

«Քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ զեկույցը ԱԺ նախագահին հասցնելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ, իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հեռակա բանավեճ է ծավալվել՝ զեկույցը ԱԺ նախագահին փոխանցելու, այն լիագումար նիստերի օրակարգ ընդգրկել-չընդգրկելու շուրջ։

Անդրանիկ Քոչարյանը չի վիճում Ալեն Սիմոնյանի հետ, ասում է՝ զեկույցն ուշացրել են ու հիշեցնում, որ քառօրյա պատերազմի զեկույցի հետ էլ այդպես եղավ ու ԱԺ-ն որոշում կայացրեց, նախադեպը կա ու դա լրջագույն ինստիտուտ է։ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է նախադեպով առաջնորդվել, ասում է՝ ԱԺ կանոնակարգը հստակ սահմանումներ է տվել։ Անդրանիկ Քոչարյանն էլ վկայակոչում է կանոնակարգի համապատասխան՝ 25 եւ 26 հողվածները, որոնք հնարավորություն կտան խնդիրը հանգուցալուծել։

Քանի որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն է եզրակացություն տվել ու հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չէ, Անդրանիկ Քոչարյանը կսպասի նրա վերադարձին, որպեսզի հասկանա, թե ի՞նչ է լինելու։ Բայց հստակեցնում է՝ սահմանադրական պահանջ է, որ զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտնի, եթե այլ տարբերակով է ներկայացվելու, ինչպես Ալեն Սիմոնյանն ասում, օրինակ, լսումների միջոցով, Անդրանիկ Քոչարյանը խնդրահարույց է համարում։ Իր մեկնաբանությամբ, դա նշանակում է, որ զեկույցն առկախված է, ժամկետանց է այն՝ չկա, հետեւաբար ի՞նչը պետք է զեկուցվի։ Այլ տարբերակով քննարկման դեպքում, զեկույցն իրավական ուժ չի ունենում, ուստի Անդրանիկ Քոչարյանը սպասում է, որ ԱԺ խորհրդի հաջորդ նիստում որոշում կլինի։ Եթե չլինի՝ իրավաբանների հետ կխորհրդակցի եւ կհասկանան, թե ի՞նչ պետք է անեն։

Ամեն դեպքում, ինքը խնդիր չի տեսնում, կարծում է՝ երկու իրավաբանների կամ քաղաքական գործիչների մոտեցումների հարց է, կհարթվի։

«Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Պարոն Սիմոնյանը ճիշտ է ասում՝ այս կամ այն կերպ այն հասարակությանը պիտի հասանելի դառնա»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն իրավական է, լուծումներ կգտնեն։ Քաղաքական որոշումներ՝ զեկույցը չհրապարակելու, վստահեցնում է՝ չկա, թեեւ ասում է՝ «զեկույցը դարձել է ֆուտբոլի գնդակ»։ Հետեւաբար՝ ո՞րն է խնդիրը՝ դեռ չգիտի, հուսով է, Վլադիմիր Վարդանյանից ստանալ պատասխանը։

Տարակուսում է այս առիթով ընդդիմության լռությունից եւ հայտարարում, որ 2023 թվականի սեպտեմբերից նամակներն ուղարկել է հանձնաժողովի անդամներին, որ գան եւ ծանոթանան՝ չեն եկել, ինչո՞ւ չեն եկել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031