«Պետք է ներողություն խնդրեք, որ ինձ ու Ալիևին չեք շնորհավորել խաղաղության գործարքի համար: Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը», – Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կատակով հանդիմանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս Հայաստանն անվանել է Ալբանիա:
Օգոստոսի 19-ին «The Mark Levin Show»-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ ինքը վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման գործում՝ «Ադրբեջանը» արտաբերելով որպես «Աբերբայջան» և Հայաստանը կոչելով «Ալբանիա»:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 18-ին էլ Մեծ Բրիտանիայում՝ վարչապետ Քիր Սթարմերի և իր մամուլի ասուլիսում խոսելով Երևանի և Բաքվի միջև հակամարտության ավարտի մասին՝ Թրամփը Հայաստանի փոխարեն կրկին «Ալբանիա» էր նշել, Ադրբեջանի փոխարեն՝ «Աբեր-բայջան»:
Դրանից ընդամենը օրեր առաջ էլ Թրամփը նաև Fox News-ին էր ասել, թե կանխել է «Ադրբեջանի և Ալբանիայի» միջև պատերազմը։
«Շնորհավորել», թերևս, պետք է նաև Կամբոջային: Սեպտեմբերի 2օ-ին Վիրջինիայի Մաունթ Վերնոն կալվածքում կայացած ամերիկյան «Cornerstone Institute»-ի հիմնադիրների ընթրիքի ժամանակ Թրամփը կրկին անդրադարձավ խաղաղարարական իր գործունեությանը՝ «հավաստիացնելով», թե դադարեցրել է Կամբոջայի և Հայաստանի միջև պատերազմը:
Չմանրամասնելով, թե ինչն էր իրարից այդքան հեռու գտնվող Պնոմպենի և Երևանի առաջնորդներին դրդել պատերազմել, Թրամփ ասաց, թե «պատերազմը նոր էր սկսվում, և այն վատն էր»։