-Մենք հիմա ունենք հետվճարի գործող համակարգ բոլոր կենսաթոշակներից եւ նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը: Կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից՝ այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հետ ստանալ որոշակի գումար։ Մենք այսօր ունենք արդեն 350 000 քաղաքացի, որոնք իրենց թոշակը եւ նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են։ Ես շատ պարզ եմ այդ ամեն ինչը բացատրում, չգիտեմ, թե դուք ինչու եք հենց ինքներդ մանիպուլացնում այդ ամեն ինչը։ Հիմա նոր կարգավորումը հետեւյալն է լինելու, որ մենք 12% սահմանաչափը բարձրացնում ենք մինչեւ 20%-ի եւ առավելագույն թիվը մինչև 10 000 դրամի: Եթե հաշվարկենք օրինակ 50 000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50 000-ը դարձնել 60 000, իր իսկ ձեռքով,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ երբ արդեն կարգավորումները կլինեն եւ կառավարության նիստով կընդունվի, եւս մեկ անգամ վերջնական դրա մասին կասեն, բայց քաղաքական որոշումը ընդունված է:
Դիտարկմանը, որ շատ գյուղերում այդ քարտային վճարման տարբերակը չկա, ստացվում է՝ ոչ բոլոր թոշակառուների վրա է տարածվելու թոշակների բարձրացումը, Թորոսյանն այսպես արձագանքեց. «Ես քիչ առաջ թիվ նշեցի եւ այդ թիվը ամեն ամիս աճում է։ Մենք այս պահին ունենք 350 000 կենսաթոշակառու եւ նպաստառու, որոնք բարեհաջող կերպով օգտվում են այս ծրագրից: Հետեւաբար, մնացած բոլոր կենսաթոշակառուները եւ նպաստառուները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Սա իրենց ձեռքերում է, այո՛, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առեւտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են։ Մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա է։
Սրանով մենք խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը ինքը նաեւ պահանջի, որպեսզի լինեն այդ անկանխիկ առեւտրի կետերը, այդ պոստերմինալները՝ անկանխիկ առեւտուր անելու համար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ