Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենի գործողությունների հետևանքով Հրազդանի հիվանդանոցը զրկվել է 31 մլն դրամ արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից. վարույթն ուղարկվել է դատարան

Հոկտեմբեր 02,2025 17:01

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի  նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի կատարել ծառայողական պարտականությունները, որի  հետևանքով էական վնաս է պատճառել  ընկերության օրինական շահերին: Բացի այդ, կազմակերպել է հանցավոր ճանապահով ձեռք բերված գույքի ծագումն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով այն օրինականացնելը (փողերի լվացումը), որի արդյունքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է  որդուն:

Մասնավորապես՝ նպատակադրվելով իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ անհամեմատ ցածր գնով ձեռք բերել վերը նշված ՊՓԲ ընկերությանը պատկանող թիվ 2 մասնաշենքը և տեղյակ լինելով հիվանդանոցի ֆինանսական պարտավորությունների մասին, տնօրենը, ընկերությունում բավարար միջոցների առկայության պայմաններում, որևէ միջոց չի ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ և գլխավոր հաշվապահին կարգադրել է չվճարել պարտավորությունները՝ դրանով իսկ դիտավորությամբ պայմաններ ստեղծելով դատական կարգով գումարի բռնագանձման համար։

Դրանից հետո ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթով արգելանք է կիրառվել թիվ 2 մասնաշենքի վրա, և այն դրվել է աճուրդի, որին մասնակցել է տնօրենի որդու ընկերը: Վերջինս աճուրդում ճանաչվել է հաղթող և շուրջ 31.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մասնաշենքը ձեռք է բերել անհամեմատ ցածր՝ 1.925.000 ՀՀ դրամով, որից հետո կնքված ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է տնօրենի որդուն:

Տնօրենի հանցավոր գործողությունների հետևանքով «Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունը զրկվել է առանձնապես խոշոր չափերով՝ 31.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, իսկ գույքի օտարումից ստացել է ընդամենը 1.925.000 ՀՀ դրամի չափով եկամուտ։

Վերը նշված հանցավոր արարքների համար «Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասով և 38–190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով, իսկ նրա որդուն և որդու ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031