Լրահոս
Օրվա լրահոսը

Դասը հստակ է․ պետք է զգոն և նախաձեռնող լինենք քաղաքացիական հասարակության տարածքը պաշտպանելու հարցում. ԹԻՀԿ-ը համերաշխությունն է հայտնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ին

Հոկտեմբեր 02,2025 17:26

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի մեր գործընկերներին՝ աճող սպառնալիքների, ահաբեկումների և դատական հետապնդումների պայմաններում։

Պետության դեմ հանցագործությունների անհիմն մեղադրանքով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի հարցաքննությունը նոր, վտանգավոր փուլ է բացում Վրաստանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող ճնշումների համատեքստում։

«Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության անկյունաքարն է։ Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց մտահոգությունները, վերահսկել իշխանությանը և պաշտպանել մարդու իրավունքները։ Անկախ կազմակերպությունները վարկաբեկելու, քրեականացնելու և կազմաքանդելու փորձերը ոչ միայն խարխլում են օրինականությունը, այլև քայքայում են հանրային վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ», նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

ԹԻՀԿ-ը խորապես մտահոգված է, որ այս հարձակումները, զուգակցված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի և նոր դրամաշնորհների մասին օրենքի նման սահմանափակող նախաձեռնությունների հետ, ուղղված են անկախ վերահսկողական կառույցների վարկազրկմանը և քաղաքացիական հասարակության տարածքի նեղացմանը։

ԹԻՀԿը շեշտում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ Վրաստանի իշխանություններին ուղղված կոչի հրատապությունը

  • դադարեցնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ ճնշումն ու ահաբեկումը,
  • երաշխավորել միավորման ազատությունը, արտահայտվելու ազատությունը և արդար դատաքննության իրավունքը,
  • ապահովել դատական իշխանության անկախությունն ու հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները։

Վրաստանում տեղի ունեցողը խորապես մտահոգիչ է ոչ միայն վրացական քաղաքացիական հասարակության, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Երբ քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է հարձակման մեկ երկրում, դա վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող են փորձել կրկնել այլ երկրներում։ Սա թուլացնում է ժողովրդավարության դիմադրողականությունը տարածաշրջանային մակարդակում և սպառնում է հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման գործում անկախ անհատների կենսական դերին։

Հայաստանի համար դասը հստակ է․ մենք պետք է զգոն և նախաձեռնող լինենք քաղաքացիական հասարակության տարածքը պաշտպանելու հարցում՝ ապահովելով, որ կազմակերպությունները կարողանան ազատ և անկախ գործել ու պաշտպանել ժողովրդավարական սկզբունքներն ու հաստատությունները։

Մենք կանգնած ենք մեր գործընկերների կողքին Վրաստանում։

ԹԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031