ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում խոսելով ԱԺ երեկվա նիստի մասին՝ ասաց, որ ընթացքը կանխատեսելի էր, բայց նաեւ անսպասելի: «Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Հռիփսիմե Հունանյանին: Ըստ էության, որեւէ մեկը չի ասել, եւ ես հատկապես, չեմ նշել, որ հանձնաժողովի նախագահի թեկնածության համար բարձրագույն կրթությունը անհրաժեշտություն է: Դա այդ խմբակցության իրավունքն է, ինքն է որոշելու, թե իր խմբակցությունից ում առաջադրի:
Քավ լիցի, իրենց իրավունքն է եւ իրենք էլ առաջադրել են: Պարզապես, ես փորձեցի հասկանալ՝ ընդհանրապես, ի՞նչ չափանիշներ են աշխատում խմբակցության կողմից որեւէ պաշտոնի առաջադրման ժամանակ, իրենք ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում: Դա համապատասխան մասնագիտական որակյալ կրթությո՞ւնն է, համապատասխան մասնագիտական աշխատանքային փո՞րձն է, կառավարմա՞ն փորձն է հատկապես հանձնաժողովի նախագահի պարագայում, թե՞ նախորդ տարիների ակտիվ գործությունն է: Ընդհանրապես ո՞ր չափանիշներով են իրենք առաջնորդվում եւ կոնկրետ Հռիփսիմե Հունանյանի դեպքում ո՞ր չափանիշն է առավել ազդեցիկ եղել: Դա էր իմ հարցը:
Հետաքրքիրը գիտե՞ք ինչն է: Հունանյանի կենսագրությունը ներկայացնող պատգամավորը՝ Էմմա Պալյանը, ինքը նշեց, որ գիտելիքը եւ փորձը: Ես էլ, բնականաբար, փորձեցի հասկանալ, այս պարագայում թե իրենց ասածը իրենց արածին չի՞ հակասում արդյոք: Եվ վերջ: Փորձեցին այս ամեն ինչը մանիպուլացնել, տանել դեպի բուժաշխատողների, բուժքույրերի եւ բժիշկների հակասության, որ բուժքույրերը մեծ, կարեւոր բանակ են:
Այո, բուժքույրերը շատ մեծ, կարեւոր բանակ են առողջապահության ոլորտում եւ որեւէ մեկի մտքով չի կարող անցնել բուժքույրը դերը նսեմացնել: Եվ դա հնարավոր էլ չի: Այստեղ խնդիրը բոլորովին այլ բանի մեջ է: Ի վերջո, իրենք իրենց ամբողջ խմբակցությունով իբր հակադարձելով ինձ, Հռիփսիմե Հունանյանին ժողովրդական լեզվով ասած՝ «փուռը տվեցին»: Այնպիսի հարցադրումներ էին բարձրացնում, որ Հունանյանի ամեն մի հաջորդ պատասխանը նախորդից ավելի վատ վիճակի մեջ էր դնում այդ կնոջը: Ինչպե՞ս կարելի էր ասել մոտավորապես այն, որ քանի որ բժիշկները հիվանդներին չեն նայում դեմքով, ուրեմն նրանք իրավունք չունեն բժիշկ աշխատելու: Կամ՝ ի՞նչ կարեւոր է բժշկական բարձրագույն կրթություն ունենալը: Ինքն իր ելույթում նսեմացնում էր պրոֆեսորի, ընդհանրապես բժիշկների կրթության տարիների արժեքը:
Կարդացեք նաև
Փաստացիորեն ՔՊ-ն երեկ ամբողջությամբ այնքան վատ վիճակի մեջ դրեց Հռիփսիմե Հունանյանին, որ ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել: Բայց ամենակարեւորը, որ իմ հարցադրումները բոլորովին այլ բնույթի էին: Իմ հարցադրումն էր. «Ո՞րն է ձեր կադրային քաղաքականության էությունը, արդյո՞ք մասնագիտական, կրթական որակները, աշխատանքային փորձը, թե թիմի, թիմի ղեկավարի բոլոր պահանջների հլու-հնազանդ, գլուխը կախ կատարումը: Իրենք դա լավ հասկացան եւ խուսափելով այս հարցից՝ տարան բոլորովին ուրիշ ուղղությամբ: Ես այդ օրինակները բերեցի. եթե դու սկզբունքային ես, չես գովերգում իրենց թրքահպատակ քաղաքականությունը, ամեն կերպ չես արդարացնում Արցախի հանձնումը, «խաղաղության համաձայնագիր» թղթի ստորագրումը, չես արդարացնում բռնապետություն տանող ճանապարհը, ուրեմն, կամ sms պիտի ստանաս, կամ քո նկատմամբ չգիտեմ ինչ վերաբերմունք է սկսվելու: Սա է նրանց կադրային քաղաքականությունը, որը ես իմ ելույթով լրիվ բացահայտեցի»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ