Սկիզբը՝ այստեղ:
«Թրամփի ուղուն» մասնակցելու համար պետք է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի համաձայնությունը. Ո՞ւմ է ակնարկում Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս այսպիսի միտք է արտահայտել, թե «Թրամփի ուղու» կառուցմանն ու գործարկմանը մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ոչ միայն Հայաստանի, այլեւ Միացյալ Նահանգների համաձայնությունը ստանան: Նա միաժամանակ չի բացառել, ավելին՝ ցանկալի է համարել, մասնավորապես, Եվրամիության ներգրավվածությունը, միաժամանակ շեշտելով, որ դրան պետք է նաեւ Վաշինգտոնը կանաչ լույս վառի:
«TRIPP ուղին քննարկվում է ՀՀ-ԱՄՆ երկկողմ ձեւաչափով, երրորդ կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն: Իհարկե, մենք շահագրգռված ենք, Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն, բայց էլի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում, եւ երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում», – ասել է նա:
Կարդացեք նաև
Նկատենք, որ ԵՄ-ն ողջունել էր վաշինգտոնյան համաձայնությունները՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել դրանց կայացմանը, ավելին, ԵՄ-ն օրեր առաջ վերահաստատեց Հայաստանին եւս 200 միլիոն եվրոյի աջակցությունը դիմակայունության համար:
Փաշինյանն, այսպիսով, ընդգծում է ավելի շատ «վստահելի գործընկերների» ներգրավման անհրաժեշտության մասին: Եւ պարզ է, որ նա թեեւ մի առիթով խոսել է Ռուսաստանի շահավետության մասին, բայց այս հարցում ամեն ինչ այնքան էլ հստակ չի:
«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք, ասուլիսում նշել էր Փաշինյանը, հավելելով, որ ՀՀ երկաթուղիները գտնվում են ՌԴ-ի կառավարման ներքու ու, գուցե, Ռուսաստանի համար հետաքրքրություն առաջանա ներդրում իրականացնել Իջեւան-Հրազդան, Իջեւան-Ղազախ երկաթուղիները վերականգնել։ Այնուհետեւ նա հավելել էր. «Շատ էական է դիտանկյունի հարցը, թե որ դիտանկյունից կնայենք։ Այո, կա հարց, որ դա խնդիրներ է ներկայացնում Ռուսաստանի ու Իրանի շահերի համար, բայց եկեք այն դիտանկյունից նայենք, որ, գուցե, այս նախագիծը լավ հնարավորություն դառնա, որ տնտեսական համագործակցություն լինի Իրանի ու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համար»,- ասել էր Փաշինյանը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը Ռուսաստանի, Իրանի շահերը չի կարող ամբողջությամբ անտեսել: Իսկ թե ինչպե՞ս, դրանց շուրջ պայմանավորվածությունները դեռ առջեւում են, իսկ ինչպես ասում են` «սատանան մանրուքներում» է:
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օրինակ, օրերս նշել է, թե «Թրամփի ուղին» Երեւանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» մի մասն է. «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի եւ հարավի միջեւ, նույնօրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաներն են բացվում, եւ ոչ միայն օրինակ՝ Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի տարածքով երրորդ երկրներ գնալ, եւ Հայաստանը կարողանալու է Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ գնալ, բայց նաեւ օրինակ՝ Իրանը Նախիջեւանի եւ Հայաստանի միջոցով եւ հետո Վրաստանի միջոցով կարողանալու է երկաթգծային կապ ստանալ Սեւ ծովի կամ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը Հայաստանի միջոցով կարողանալու է երկաթուղային կապ ունենալ Իրանի, Թուրքիայի հետ պոտենցիալ»:
Այսինքն, պաշտոնական Երեւանը ցույց է տալիս, որ ցանկանում է, որ հնարավորինս շատ երկրներ օգտվեն Հայաստանի ճանապարհներից: Ըստ ամենայնի, ռուս պաշտոնյաների վերջին զուսպ հայտարարություններն էլ պայմանավորված են հենց այդ հնարավորություններից օգտվելու հարցերով, որոնց համատեքստում էլ վաշինգտոնյան համաձայնությունները դիտարկվում են որպես հնարավորություններ:
Սակայն, արդյո՞ք Վաշինգտոնը կհամաձայնի, որպեսզի նման հնարավորություններից օգտվեն Մոսկվան ու Թեհրանը…
Արդյոք սեպտեմբերի 26-ին Փաշինյան-Պուտին հանդիպմանը վերոնշյալ հարցերը քննարկվե՞լ են: Պաշտոնական հաստատում չկա: Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառություն կա. «Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առեւտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաեւ բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում»:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել էր. «Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առեւտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առեւտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր»:
Այսպիսով, ակնհայտ է, որ ամերիկյան կողմի հետ դեռեւս հստակ պայմանավորվածություններ չկան, թե ինչպես է գործելու «Թրամփի ուղին», եւ քննարկումները դեռեւս նոր են մեկնարկում:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը առաջ մղված խաղաղության համաձայնագրի նախաձեռնությունը համարձակ նոր էջ է Հարավկովկասյան տարածաշրջանի համար, օրերս հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլսոնը։ Ամերիկացի դիվանագետը վստահեցրել է, որ ԱՄՆ հավատարիմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության հաստատման հանձնառությանը։ «Խաղաղության այս ուղին ամրապնդելով՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի հսկայական ներուժը որպես առեւտրի, տարանցման եւ էներգետիկայի կենտրոն։ Սա մեր ապագա տնտեսական համագործակցության հիմքն է կազմում»,- նկատել է Քարլսոնը։
Պաշտոնական Երեւանին նյարդայնացնում է «Զանգեզուրի միջանցք» տերմինի գործածումը
Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են շահագրգռել տարբեր երկրներին ու կառույցներին «Թրամփի ուղու» գործարկման շուրջ, իսկ ԱՄՆ-ից ընդգծում են, որ բացահայտում են Հարավային Կովկասի հսկայական ներուժը, Ադրբեջանից ու Թուրքիայից շարունակում են համառորեն գործածել «Զանգեզուրի միջանցքի» ձեւակերպումը:
ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտարարել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջեւ ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն՝ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» սահմանումը։
Նկատենք, որ օրեր առաջ Փաշինյանն էլ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հորդորել էր Ադրբեջանի նախագահին պարզաբանել, թե նա ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը պարբերաբար օգտագործելիս։ Փաշինյանը պնդել էր՝ այդ ձեւակերպումը, որ երբեք Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվել, Հայաստանում ընկալվում է որպես տարածքային պահանջ եւ նվազեցնում է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը։ Ալիեւը Փաշինյանի ելույթից օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կրկին Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանել էր «Զանգեզուրի միջանցք»։ Նա մասնավորապես ասել էր, թե Թրամփի ուղին՝ TRIPP-ը, «կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով»:
Օրերս Փաշինյանը նաեւ ԵԽԽՎ-ում ստիպված եղավ թեմային անդրադառնալ, շեշտելով, որ նման խոսույթն ընդհանրապես գոյություն չունի: «Որտեղի՞ց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել, եւ համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որեւէ փաստաթղթում»,- նշեց նա, պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հարցին, հորդորեց կարդալ վաշինգտոնյան «ոչ ծավալուն» փաստաթղթերը: «Որեւէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի կողմից, դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ԵԽԽՎ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնելով, որ հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, Փաշինյանն արդեն ԵԽԽՎ -ում ադրբեջանական կողմին հորդորեց ցույց տալ, թե որտեղ է այդ միջանցքը քարտեզի վրա:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան եռակողմ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս գործածել էր «միջանցք» տերմինը, որին Փաշինյանը չարձագանքեց: Հասունացել է ժամանակը, որպեսզի Հայաստանի վարչապետը ամերիկյան կողմի հետ շփումներում հստակեցնի այս հարցը: Դա խնդիր է, եւ բավական լուրջ խնդիր է, իսկ նախագահ Թրամփը կողմերին հորդորել էր` որեւէ խնդրի պարագայում «զանգահարել իրեն»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2025