Իրանական եւ Եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի (IRAS) կողմից լույս տեսնող պարբերականի վերջին համարում հրապարակվել է «Թրամփի ճանապարհի» առնչությամբ իրանական կողմի մտահոգությունների վերաբերյալ Իրանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վալի Քալեջիի «Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրի գինը» վերնագրով վերլուծական հոդվածը: Հոդվածում հեղինակը անդրադառնում է Իրանի տարանցիկ ուղիների վրա «Թրամփի ճանապարհի» տնտեսական եւ աշխարհաքաղաքական հնարավոր բացասական ազդեցության հետեւանքներին:
Քալեջին նշում է, որ Իրանի մտահոգության պատճառը այն է, որ այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» կառուցումը եւ վերահսկողությունը հանձնվել է ամերիկյան ընկերություններին, ինչը կարող է լինել ԱՄՆ-ի ռազմավարության մի մաս՝ ուղղված Իրանի մեկուսացմանը:
Նման մտահոգությունների հիմք, ըստ իրանցի վերլուծաբանի, հանդիսանում են 2025 թ. հունիսի 21-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումն ու Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմը: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի գլխավորությամբ որոշ պաշտոնյաներ քննադատել են այդ միջանցքի գաղափարը՝ հայտարարելով, որ այն «Թրամփի վարձկանների գերեզմանոցը» կդառնա:
Հոդվածում Վալի Քալեջին նշում է իրանական կողմի հիմնական մտահոգությունները՝
Կարդացեք նաև
1.Ճանապարհի տեղակայումը. Այն անցնում է Հայաստանի հարավով՝ Իրանի սահմանի հարեւանությամբ, ինչը առաջացնում է անվտանգության խնդիրներ: Իրանը ակնկալում է, որ Նախիջեւան տանող որեւէ ճանապարհ պետք է հնարավորինս հեռու լինի իր սահմանից՝ իր տարածքային անվտանգությունը պահպանելու համար:
2.Տրանսպորտային խաչմերուկի հարցը. «Թրամփի ճանապարհը» խաչվում է Հայաստանի հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, որի կառուցման մեջ ներգրավված են իրանական ընկերություններ: Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այդ խաչմերուկում խոչընդոտներ չեն առաջանա իր առեւտրային եւ տրանսպորտային գործունեության համար: Թվարկվում է, որ վերգետնյա կամ թունելային ճանապարհի կառուցումը կարող է դիտարկվել որպես տեխնիկական լուծում:
3.Իրավասությունների հարցը. Իրանը պահանջում է, որ Ադրբեջանի մուտքը դեպի Նախիջեւան պետք է գտնվի Հայաստանի կառավարության իրավասության ներքո: Սակայն Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագրով ճանապարհի վերահսկողությունն ու անվտանգությունը վստահված են ամերիկյան ընկերություններին: Իրանը մտահոգված է, որ ամերիկյան վերահսկողությունը կարող է տարածվել նաեւ իր սեփական տրանսպորտային միջոցների վրա՝ սահմանափակելով առեւտուրը կամ քաղաքացիների տեղաշարժը:
Բացի վերը նշվածից, Քալեջիի գնահատմամբ՝ Իրանն այդ զարգացումները չի դիտարկում որպես իր շահերին համապատասխանող գործընթացներ, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի սերտ հարաբերությունները Իսրայելի հետ: Նրա դիտարկմամբ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը եւս կարող է անդրադառնալ Թեհրան-Բաքու հարաբերությունների վրա:
Վերլուծաբանը եզրափակում է, որ Ռուսաստանից հեռացող եւ Արեւմուտքին մերձենալու ձգտում ունեցող Կովկասի հեռանկարը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների, նույնպես չի բխում Իրանի շահերից:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում