«Արցախի անկախության ճանաչմանը պիտի հաջորդեր Հայաստանին միավորումը: Արցախն է ձեւավորել դիվանագետի աշխատանքի նկատմամբ իմ սերը: Երբ փոքր էի եւ խնդիրն ամբողջությամբ չէի հասկանում, ասում էի՝ պետք է լինեմ այն մարդը, որ ՄԱԿ-ի դիմաց կբարձրացնի Արցախի դրոշը: Առաջին անգամ ՄԱԿ-ի դիմաց հայտնվել եմ Արցախի ամբողջական կորստից հետո: Դրանից հետո շատ դժվար է ամեն օր երազանք վերագտնելը: Աշխատում եմ, որ այն չկորցնեմ: Մենք սովոր չենք ապրել անհատական երջանկության մակարդակում, Արցախում երջանկությունը կոլեկտիվ էր», ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
–Պարոն Ստեփանյան, Բաքվի բանտում գտնվող ռազմագերիների եւ պատանդների լուսանկարներով պաստառ կա միայն Երեւանում ԼՂ ներկայացուցչության առջեւ: Պաստառի վրա գրված է, թե «Բաքվում ապօրինի պահվող պատանդների հարցը համահայկական օրակարգ է»: Ինչո՞ւ օդանավակայանից սկսած Երեւանի մյուս փողոցներում, մարզերում չենք նկատում նման պաստառներ:
– Որովհետեւ պետական քաղաքականություն չկա: Եթե դա պետության համար առաջնահերթություն լիներ, այդ ուղերձը վիզուալ կերպով պետությունը կփոխանցեր Հայաստան այցելող մարդկանց: Մի երկու տեղ, Բաղրամյան փողոցում եղել է: Հիմա չկա: Ենթադրում եմ, որ համայնքային իշխանություններն են հանել տվել: Փոքր թղթի վրա տպագրված, տարբեր տեղերում փակցված եղել է, Հյուսիսային պողոտայում նաեւ թռուցիկներ են բաժանվել, բայց համաձայն եմ, որ շատ քիչ է: Հայաստանյան հանրության համար կարծես այդ հարցը մեծ կարեւորություն չունի: Մեծ հաշվով գերիների ճակատագրով հետաքրքրված կամ առնվազն որոշակի աշխատանք տանում են իրավապաշտպանները՝ թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան, մտահոգ են հարազատները, բարեկամները եւ որոշակի սեգմենտ, որ ՄԱԿ-ի դիմաց մասնակցել է հավաքներին: Շատ քիչ մասնակցություն է եղել, ցավով եմ ասում, բայց դա է իրականությունը: Անտարբերություն կա թե՛ միմյանց, թե՛ թշնամու բանտում տառապող մարդկանց նկատմամբ: Ինձ համար այդ անտարբերությունն անհասկանալի է:
–Ռազմագերիներն ու պատանդները մեր ընտանիքի ադամներն են: Ես էլ մեղավորության զգացում ունեմ, որ լուռ ենք: Միգուցե պատանդների ընտանիքները, նրանց հարազատները հասարակությանն արթնացնեն, թե այս լռությունը համակերպվելու բան չէ:
Կարդացեք նաև
-Նրանք որոշակի կաշկանդվածություն ունեն. հրապարակային խոսել վախենում են, թե կարող է որեւէ բան ասեն, դա հասնի Ադրբեջան, իրենց հարազատների հանդեպ հաշվեհարդար լինի, փորձեն վնասել: Իրենց հոգեբանորեն հասկանում եմ: Որպես իրավունքների պաշտպան այդ կարծիքին չեմ: Որքան շատ բարձրաձայնվի, միջազգային մամուլին հասնի, այդքան ավելի հնարավոր կլինի երաշխավորել, որ որեւէ խոշտանգման չեն ենթարկվի: Պիտի հասցնել միջազգային հանրությանը, նրանց կողմից եւս ակնկալել Ադրբեջանի վրա ճնշում, որը կնպաստի հարցի կարգավորման: Ամենայն անկեղծությամբ՝ այս եւ բազմաթիվ այլ հարցերում հայաստանյան հանրության մեջ ապրումակցման բացակայություն կա: Խոսքը չի վերաբերում միայն արցախցիներին: Պարզ օրինակ՝ երկու սրբազաններ հիմա դատվում են, կարո՞ղ եք ցույց տալ, որ հանրությունն ապրումակցում է: Անտարբերություն է: Մարդիկ ապրում են ներկա հաճույքներով: Իհարկե նաեւ հիասթափություն կա հանրային միջոցառումներից: Մարդիկ կան, որ բազմիցս տարբեր հանրահավաքների մասնակցել են, հիմա հանրահավաքի մասին չեն ուզում լսել, քանի որ համարում են, թե այն ոչ մի արդյունք չի տալիս: Տոտալ ապատիա կա:
–Իսկ միգուցե հանրահավաքի ելույթներն են պատճառը, բանախոսների բովանդակազուրկ նախադասությունները, անվստահությունը:
-Չեմ կարծում: Օրինակ բերեմ արցախյան հանրության մասով, քանի որ ավելի լավ եմ ճանաչում: 2025-ի մարտին հանրահավաք կազմակերպեցինք, 10 հազար մարդ մասնակցեց: Պահանջագրի 12 կետերից առաջին 6-ը վերաբերում էին սոցիալական աջակցությանը, մյուս կետերով ձեւակերպված էր վերադարձի, ռազմագերիների եւ պատանդների հարցն օրակարգ դարձնել, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ռեալ քայլեր ձեռնարկել: Կառավարությունը միայն քննարկման առարկա դարձրեց սոցիալական բնույթի հարցերը, ստեղծվեցին աշխատանքային խմբեր, քննարկումներ եղան: Այն հարցերը, որ մեզ համար սկզբունքային էին, այդպես էլ լուծումներ չստացան: Դրանից հետո նոր հանրահավաք հայտարարեցինք, բայց շատ քիչ՝ 3,5-4 հազար մարդ մասնակցեց: Նվազ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չեն հավատում այլեւս, որ հանրահավաքով որեւէ խնդիր կլուծվի: Ես այն կարծիքի չեմ, որ պետք է հիասթափվել, բայց չեմ էլ կարող մարդկանց մեղադրել: Նույնը վերաբերում է գերիների հարցին. Թե՛ մեր, թե՛ Ռուբեն Վարդանյանի թիմի կազմակերպած հավաքներին շատ քիչ մասնակցություն է եղել: Ասում են՝ ԱԳՆ-ի դիմաց կանգնեմ, դրանով ի՞նչ է փոխվում:
Հարցազրույցը վարեց Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում