Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր տարածքն ենք կրճատում», նաեւ՝ «Հայաստանում քարի դեֆիցիտ կա» ․ Նիկոլ Փաշինյանը հանքարդյունաբերության խնդիրների մասին

Հոկտեմբեր 03,2025 11:09

«Հայաստանի 60 տոկոսը տուֆից է կառուցված, բայց տուֆին մեր հարգանքի տուրքը չենք մատուցում, տուֆին մոնումենտ չունենք»,- այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Քարի հուշարձան վերջերս Չինաստանում է տեսել եւ հասկացել, որ քարի երկիր Հայաստանում քարը պատշաճ հարգանքի չի արժանանում։

Բայց այլ խնդիր կա, Հայաստանում, պարզվում է, քարի դեֆիցիտ կա․ «Մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, այն պարագայում, երբ Հայաստանի մասին խոսելիս ասում ենք՝ քարի երկիր։ Համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելիս արտերկրից քար ենք ներկրում»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, քանի որ 95 տոկոսը դրան է վերաբերում։ Բայց մենք խնդիրներ ունենք ոչ մետաղական հանքերի մասով։

Փաշինյանը նկատեց՝ հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետեւ թափանցիկության հարց կա, պետական անվտանգության եւ սահմանի․ «Արաքս գետից ավազ արդյունահանելով մեր տարածքն ենք կրճատում»։

Հանքարդյունաբերության ոլորտի մասով էլ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բացասական ընկալում կա, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ։ Կարծում է, խնդիրն այն է, որ այնքան էլ ճշմարտացի չի թվացել այն, որ ՀՀ ընդերքը պատկանում է ՀՀ կառավարությանն ու ժողովրդին։ Հիմա ԶՊՄԿ-ում, «Ամուլսարի» հանքում ՀՀ կառավարության մասնաբաժինը կարծում է, վստահություն ներշնչում է։ Ասում է՝ ԶՊՄԿ-ի՝ նախորդ յոթ տարիների համեմատ, պետական բյուջե արված վճարումները աճել են 148 տոկոսով ու սա կարեւոր է մարդկանց մոտ գիտակցումը սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդինն է․ այդ վճարումները դառնում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հանքարդյունաբերության ոլորտում մասնագետների, այդ թվում նաեւ բանիմաց ու կրթված բանվորական ուժի խնդիր կա։ Նա խոսեց նաեւ հանքարդյունաբերության շղթան երկարացնելու մասին, ինչը հնարավորություն կընձեռի ոչ թե հանքանյութ, այլ պատրաստի ապրանք արտահանել՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով, ի մասնավորի, Հայաստանում աշխատատեղերի ստեղծում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների առաջիկա ապաշրջափակումը, վստահ է, այդ հնարավորությունները կտան։

Վստահեցնում է՝ 2018-ից քննարկում են նաեւ հանքարդյունաբերական ոլորտի համապատասխանեցումը միջազգային բնապահպանական լավագույն չափանիշներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    ՀՀ տարածքի կրճատման մեղավորները․
    * Նախկիններ
    * Թուրք – ադրբեջանական զավթիչներ
    * 11 հազար դասալիքներ
    * Գեներալիտետ
    * Ռուսաստան
    * Գլավլիտի պայմաններում ձևավորված հայրենասիրության մոդել (այդ թվում՝ իրենը, բայց մինչև 2025 թ․)
    * Ավազի արդյունահանում

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031