ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորներին հարց ուղղվեց՝ Նիկոլ Փաշինյանը ճշտե՞ց Ալիեւից՝ ի՞նչ նկատի ունի Ալիեւը, երբ Հայաստանով անցնող ճանապարհն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սարգիս Խանդանյանը կոչ արեց ընթերցել երեկ Կոպենհագենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրությունը։ Նա նշեց, որ ադրբեջանական կողմն էլ էր նույնանման հաղորդագրություն տարածել։
«Այնտեղ շատ հստակ ֆիքսված է, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ՀՀ տարածքով անցնող Թրամփի ուղի ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր։ Ես կարծում եմ՝ սրանով հարցը կարելի է փակված համարել։ Արձագանքը հենց այն է, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքը, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Իսկ Հայաստանի տարածքից դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ այլ երկրներն ինչպես ցանկանում են, թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները»,- ասաց Խանդանյանը։
Հարցին՝ այսինքն՝ եթե այսուհետ Ալիեւը նորից ասի «Զանգեզուրի միջանցք», դա չի մտահոգի՞ հայկական կողին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե, ապա հարցադրումներին չեն պատասխանում»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Արթուր Հովհաննիսյանը հավելեց․ «Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները չեն կարող լինել լեգիտիմ, եթե վերաբերում են ՀՀ սուվերեն տարածքին։ Բայց մենք արդեն նշեցինք՝ երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրությունն են տարածել եւ ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհին տվել են TRIPP անունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սարգիս Խանդանյանի խոսքով՝ խաղաղությունը փաստ է, բայց խաղաղությունը մեկ իրադարձությամբ չի ամփոփվում, կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ։ Հարցին՝ ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Այս պահին ինձ հայտնի հարցը, որն Ադրբեջանը բարձրացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, Սահմանադրության հարցն է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ