Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը հատուկ անդրադարձավ նաև հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների օր առաջ հայրենադարձման հրատապությունը

Հոկտեմբեր 03,2025 13:16

Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված ընդունելությունը։

Ընդունելությանը մասնակցում էին Բելգիայի օրենսդիր մարմինների և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ։

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ նվաճումն է, որը ձևավորվել է դարերի փորձությունների ու զոհողությունների գնով և այսօր էլ մեզ պարտավորեցնում է այն պահպանել ու զարգացնել։ Դեսպանը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը երբեք զենք չի վերցրել բռնազավթումների համար, այլ մշտապես հայրենիքը պաշտպանելու նպատակով։

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպայի հարաբերություններին՝ Տիգրան Բալայանը շեշտեց, որ անկախությունն այսօր մեզ հնարավորություն է տալիս կառուցել խաղաղության ուղի արժանապատվությամբ և ինքնիշխանությամբ։ Նա առանձնահատուկ կարևորեց Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը, որոնք վերջին տարիներին հասել են պատմական ձեռքբերումների։

Դեսպանը հատուկ անդրադարձավ նաև հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների օր առաջ հայրենադարձման հրատապությունը:

Իր ելույթում դեսպան Տիգրան Բալայանն ընդգծեց, որ անկախության պահպանումը մեր սերունդների ամենամեծ պատասխանատվությունն է․ այն արժեք է, որ պետք է պաշտպանել և երբեք չվերաբերվել որպես ինքնին տրված։

Տոնական մթնոլորտին յուրահատուկ շունչ հաղորդեց Նիդերլանդներից ժամանած “Black Swan” քառյակը, որն իր կատարմամբ ներկայացրեց հայկական ժողովրդական և աշուղական երաժշտությունը: Հյուրերին մատուցվեցին հայկական գինիներ, թեյեր, կոնյակներ և Հայաստանից հատուկ ժամանած հրուշակագործ Ռոբերտ Դադասյանի պատրաստած քաղցրավենիքները։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031