Aravot.am-ը սիրով է անդրադառնում մեր կողքին ապրող հայ մշակույթի երախտավորների գործունեությանը, հատկապես հոբելյանների առիթով: Այս անգամ անդրադառնում ենք գիտնական-գրականագետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, 2002-ից գործող ԵԹԿՊԻ «Հանդես» գիտամեթոդական ժողովածուի հիմնադիր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանի երկարամյա, բազմասպարեզ և արգասաբեր գործունեությանը:
Մենք զերծ կմնանք թվարկել տասնամյակների ընթացքում իրականացված այն անհաշիվ գործերը, որոնք ստեղծվել են պրոֆեսորի աշխատասիրությամբ: Բայց ընթերցողին, հոբելյարի բազմաբնույթ գործունեությունը հասու դարձնելու համար կուզենք ընդհանրական պատկերացում տալ այն ընդգրկման վերաբերյալ, ինչին առնչվել է մանկավարժ-գիտնականը իր բեղուն գործունեության ընթացքում:
Տիկին Մուրադյանը դասական գրականագիտության տիպիկ ներկայացուցիչ է, այսինքն` բանասեր-գիտնական, որ տիրապետում է հայ և համաշխարհային գրականությանը, գրականության պատմությանը: Գիտական հոդվածներ հեղինակելու իր բաժնով մշտապես մասնակցում է մասնագիտական գրքերի կազմմանն ու հրատարակությանը, որպես անհատ գիտնական հանդես է գալիս ակադեմիական հրատարակություններում` առանձին գրողների կյանքին ու գործունեությանը նվիրված, երբեմն իրենց բնույթով եզակի մենագրություններով («Արփիար Արփիարյան», «Սրբուհի Տյուսաբ», «Վրթանես Փափազյան», «Ռափայել Պատկանյան» «Արտաշես Հարությունյան», «Ավետիս Արասխանյան», «Արսեն Տերտերյան»…): Պարբերաբար հանրությանը ներկայացնում է իր հեղինակած աշխատանքների ընտրանի ժողովածուն (Լաուրա Մուրադյան. «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ ուսումնասիրություններ և հոդվածներ…») Կամ հանդես է գալիս որպես առանձին և առանձնակի կարևորություն ներկայացնող գիտական ուսումնասիրություններով գրքերի առաջաբանի հեղինակ (վերջին հրատարակությունը՝ «Անահիտ Չարենց …գիրս մնա հիշատակող գրականագիտական ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածու»):
Տարբեր ժամանակների, աշխարհի տարբեր երկրներում կիրառված և «աշխարհի կողմից» որակված «դասական գիտնականի» գործին ու գործունեությանը բնորոշ, տիկին Մուրադյանը գիտական գործունեությունը զուգակցում է բարձրագույն կրթության կազմակերպմանը`միաժամանակ և՜ որպես դասախոս, և՜ որպես հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ:
Կարդացեք նաև
Ապա գիտամեթոդական մտածողության մշտական գործող դաշտ ստեղծելու համոզումով կազմակերպում, հիմնադրում և որպես մշտական խմբագիր տասնամյակներ շարունակ հրատարակում է գիտական, մշակութային, նեղ մասնագիտական «Հանդես» ժողովածու-հանդեսը: Որպես նոր սերնդի հետ մշտապես աշխատող մասնագետ-մանկավարժ՝ աչքի է ընկնում իր մասնագիտական արժանապատիվ բարձրաշխարհիկ, ազնվական խիստ տպավորիչ պահվածքով, որով տասնամյակներ շարունակ վայելում է ոչ միայն հանրապետության գիտական համայնքի, այլև տարիների ընթացքում մշտապես փոխվող ուսանողների մեծ հարգանքը:
Լաուրա Մուրադյանի «…գիրս մնա հիշատակող գրականագիտական ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածուն» ներկայացնում է Անահիտ Չարենց գրականագետի, չարենցագետի՝ տարիների ուսումնասիրություններից կատարված ընտրանի՝ հիմնականում նվիրված չարենցյան նորահայտ ձեռագրերի քննությանը:
Մեր խնդրանքին ի պատասխան՝ հակիրճ ներկայացնել ժողովածուն, հասկանալով հանդերձ, որ դա համարյա անհնար է, տիկին Մուրադյանը մեղմ ժպտաց, փոքր-ինչ դադարից հետո հայտնեց հետևյալը. «Եղիշե Չարենցի ստեղծագործության ուսումնասիրման ճանապարհին՝ արդեն 100 տարուց ավելի, շրջադարձային պետք է դիտվի նրա անտիպ ու չհավաքված գործերի հրատարակությունը 1983թ., որոնց բնագրերը վերծանել, կազմել և ծանոթացրել էր հանճարեղ բանաստեղծի դուստրը: Ձեռնարկելով ժողովածուի հրատարակությունը՝ նպատակ ենք ունեցել ի մի բերելու և հնարավորինս ամբողջական ներկայացնելու գրականագետի արգասավոր գործը: Ելնելով այդ սկզբունքից՝ անհրաժեշտ ենք համարել ամբողջությամբ վերահրատարակել նրա 1978թ. լույս տեսած «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, որը, համոզված կարող ենք ասել, դարձել է մեկնակետ չարենցագիտության հետագա ուղեգծումներում: Չարենցի անտիպ գործերից, ձեռագրերից մեզ հասած մասունքների պատմության ոդիսականի համապարփակ ուսումնասիրության տրամաբանությամբ գրականագետը լայնացրել է հետազոտության սահմանները. քննության նյութ են դարձել նաև իր՝ Չարենցի հրատարակած վերջին ժողովածուն՝ «Գիրք -ճանապարհին», ինչպես նաև դրան նախորդած «Էպիքական լուսաբացը» ու էլի շատ գործեր, որոնց ուշագրավ մեկնություններով ամբողջանում է Չարենց-գեղագետը, քաղաքացին իր խոր ազգային մտածողությամբ և համամարդկայինի անհուն հանգրվանների կանխանշումներով:
Չարենցյան ժառանգության վերջին տարիների գիտական մեկնություններն ընկալված են միասնական պատմաքաղաքական համատեքստի արտահայտությամբ: Գրականագետի դիտարկումները հնարավորություն են տալիս վերանայելու խորհրդային տարիների իներցիայով գաղափարախոսականացված ժամանակավրեպ որակումներն ու բնութագրումները: Կարևորում ենք նաև այն վերլուծական հայեցակարգը, որտեղ Անահիտ Չարենցը գրողի կյանքի և ստեղծագործության երևույթները համադրում է համաշխարհային մշակույթի, գրականության համապատկերում՝ խորքային զուգահեռներով ամրակայելով չարենցյան մտքի տիեզերական ընդգրկումները:
Ընթերցողին նկատելի կլինեն որոշ կրկնություններ, և պատճառը հասկանալի է, քանի որ հետազոտվում է հիմնականում նույն ժամանակահատվածին վերաբերող նյութը՝ 1933-1937թթ, սակայն անդրադարձներն ամեն անգամ բերում են ոչ միայն նոր փաստեր, որ ինքնին արդեն շատ կարևոր է, այլև ժամանակների հոլովույթում նորովի արժևորվող գաղափարագեղագիտական չափանիշներ: Ներառվել են քննական հայեցակետեր՝ որոշ ճշգրտված համակարգմամբ, հայտնանշվում են չարենցագիտության հեռանկարները»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ