Բելգիայում լույս է տեսել «Բադալյան Ռ., Պերելյո Բ. (խմբ.), Կուր-Արաքսյան ֆենոմենի ավարտը․ Հարավային Կովկասում Վաղ բրոնզից Միջին բրոնզին անցման ժամանակագրական և մշակութային ասպեկտները, Արաքս III․ Կովկասյան տարածաշրջանի և հարակից շրջանների հնագիտության ու պատմության ուսումնասիրություններ, Բրեփոլս, Տյորնհաութ 2024» («Badalyan R., Perello B. (ed.), The End of Kura-Araxes Phenomenon: The Chrono-Cultural Aspect of the EB/MB Transition in the South Caucasus, Araxes III. Studies in the Archaeology and History of the Caucasus Area and Adjacent Regions, Brepols, Turnhout, 2024») թեմատիկ ժողովածուն:
Այն արդյունք է 2021թ. դեկտեմբերի 2-3-ը տեղի ունեցած հեռահար միջազգային գիտաժողովի, որին մասնակցեցին մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Մավրիկիոսի Հանրապետությունից, Ավստրալիայից:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (Ռուբեն Բադալյան) և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national de la recherche scientifique, Բերենժե Պերելլո) համատեղ ջանքերով՝ «Արևմտյան և Կենտրոնական Ասիայի հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի»(ARWA) հովանու ներքո: Հայկական կողմի որոշ հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ձևավորման մշակութային և ժամանակագրական ասպեկտները» և «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական թեմաների շրջանակներում։
Ժողովածուն անդրադառնում է Կուր-Արաքսյան մշակույթի ավարտին և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբին։ Այս շրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. մոտ 2600–2000թթ., բնորոշվում է տարածաշրջանում հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած ավանդույթների աստիճանական անհետացմամբ։ Հետազոտողների նորարարական մոտեցումները տարածաշրջանի մի շարք հուշարձանների մշակութային պատկանելիության ու ժամանակագրության ուսումնասիրությունների նկատմամբ հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ հասկանալ Վաղ և Միջին բրոնզեդարյան դարաշրջանների միջև տեղի ունեցած փոփոխություններն ու շարունակականությունը։
Կարդացեք նաև
Հնագիտական հայտնագործությունները վկայում են նաև հին բնակավայրերի լքման պատճառների, հասարակության մեջ աճող անհավասարությունների մասին վկայող թաղման հարուստ համալիրների ձևավորման, ինչպես նաև ավելի շարժուն կենսակերպի անցման մասին, ինչը նույնպես քննվում է ժողովածուի հոդվածներում:
Ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է վերջերս պեղված հուշարձանների նյութեր, միջմասնագիտական տարատեսակ հետազոտությունների արդյունքներ, մասնավորապես, տասնյակ նոր ռադիոածխածնային տարեթվեր:
Ժողովածուն հրատարակել և տարածում է Բելգիայի «Brepols» հումանիտար գիտությունների ոլորտի միջազգային ակադեմիական հրատարակչությունը, որը հատուկ շեշտադրում ունի պատմության, հնագիտության, արվեստի պատմության, լեզվի և գրականության վրա։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին