Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Միքայել Սրբազանի վճռից հետո․ դատավորը լրիվ այլ մեղադրանքով դատապարտեց նրան

Հոկտեմբեր 03,2025 18:30

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելուց հետո սկսվեց վիճաբանություն դատարանի դահլիճից դուրս եկած նրա համակիրների ու Վարդգես Գասպարիի միջև, որը բացականչում էր․ «Ամո՜թ Աջապահյանին»։

Սրբազանի աջակիցներից մեկն էլ հակադարձեց․ «Ինքը կարա սադրի, ես չէ՞, թող խփի»։

Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց․ «Մեզ համար կանխատեսել էր այս դատավճիռը, պատժամիջոցն ու պատժաչափը։

Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որը ֆիքսեցին տեսախցիկները․ Միքայել Սրբազանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այսօր կարդալուց դատարանը նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։

Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն; Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա»։

Նա նշեց՝ ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ է, Սրբազանը ոչ 422, ոչ էլ 442 հոդվածներով նախատեսված արարքներ չի կատարել։ Նա իշխանությունը զավթելուն ուղղված կոչ չի արել, սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։

Ըստ փաստաբանի, նա կարծիք է հայտնել նախկին իրադարձության մասին, որը չի կարող կոչ համարվել, այստեղ չկա իրավախախտում։

Արա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է, վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը՝ կապված Սրբազանի առաջին կալանքի հետ։ Փաստաբանական խումբը մտադիր է դիմելու Եվրոպական դատարան։

Իսկ այս դատավճիռը, ըստ փաստաբանի, բողոքարկվի վերաքննիչ ատյան։ Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի թեմի առաջնորդը ևս սպասում էր այս վճռին, հոգեպես պատրաստ էր։

Ըստ փաստաբանի, իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ արքեպիսկոպոսին նման մեղադրանքով դատում են։

Փաստաբանները սա որակեցին որպես պատմական ամոթի օր։

Շիրակի թեմի հոգևորականները նշեցին, որ Միքայել Սրբազանի հոգեվիճակը «վարակիչ լավ է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031