Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
«Բանաձեւի վերնագիրը. «Խրախուսելով առողջապահության համընդհանուր ծածկույթը»
Շնորհակալություն, պարոն նախագահ։
Եվ անսահման շնորհակալություն հեղինակին՝ Ստեֆանին։ Դժվար է գտնել բավարար բառեր՝ գնահատելու մարդու իրավունքներին Ձեր նվիրվածությունը եւ դրանց պաշտպանության համար ողջ կյանքի ընթացքում տարած պայքարը, Ստեֆան։
Կարդացեք նաև
Առողջապահության հասանելիությունը իրավունք է, ոչ թե արտոնություն։ Եվ սա արժե կրկնել թեկուզ հազար անգամ։
Հայաստանը լիովին համահունչ է զեկույցի հիմնական ուղերձին։ Վերջին տարիներին Հայաստանի Կառավարությունը ձեռնարկել է առողջապահական համակարգի խորը բարեփոխում։ Ոչ թե աննշան փոփոխություններ, այլ հիմնարար անցում դեպի համընդհանուր ապահովագրություն։
Հպարտությամբ եմ տեղեկացնում ձեզ, սիրելի՛ գործընկերներ, որ Հայաստանի Կառավարությունը և մեր առողջապահության նախարարը պաշտոնապես հայտարարել են 2026 թվականի հունվարից Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի մեկնարկի մասին։
Ճանապարհը հեշտ չէ։ Ինչպես իրավացիորեն նշում է զեկուցողը, Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը բոլոր շահագրգիռ կողմերից պահանջում է համատեղ սեփականության եւ պատասխանատվության ընկալում, ինչպես փոխհամաձայնեցված ռազմավարական գործելաոճ։ Մենք առաջ ենք շարժվելու փուլային ճանապարհով՝ երաշխավորելու լավ պլանավորված գործընթաց, որը կհամապատասխանի մեր բնակչության կարիքներին։
Նոր համակարգը մշակվել է հիմնվելով այս զեկույցի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ՝ առողջապահական ծառայությունների սահմանված փաթեթին հավասար հասանելիությունը, մեր քաղաքացիներին, մասնավորապես ամենախոցելի խմբերին, չնախատեսված աղետալի ծախսերից պաշտպանելու ֆինանսական օժանդակությունը, ինչպես նաեւ առաջնային առողջապահության շեշտադրումը։
Մեր քաղաքական հանձնառությունը հիմնավորել ենք զգալի ֆինանսական ներդրումներով։ Առողջապահության ոլորտի պետական հատկացումները 2018-2025 թվականը կրկնապատկվել են: Նախատեսվում է հավելյալ 1/3-ով ավելացում։ Ներկայում Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում է հիվանդանոցների և բժշկական կենտրոնների լայնածավալ շինարարություն եւ վերանորոգում՝ շեշտը դնելով գյուղական բնակավայրերում հասանելիության վրա։
Հայաստանում կյանքի տեւողությունը 2024 թվականին կազմել է 78.6 տարի, ինչը 2.7 տարով ավելի է, քան 2018 թվականին։ Կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը 6 տարվա ընթացքում նվազել է 1/3-ով, վաղաժամ մահացությունը կայուն նվազում է, երեխաների ավելի քան 93%-ը ընդգրկված է ազգային պատվաստման ծրագրերում։ Որպես Հոգեկան առողջության համաեվրոպական կոալիցիայի անդամ՝ մենք իրականացնում ենք բարեփոխումներ՝ հոգեկան առողջության խնամքը ինստիտուցիոնալից տեղափոխելով կանխարգելման եւ համայնքային աջակցության համակարգի։
Ամփոփելով՝ ցանկանում եմ մեջբերել հեղինակին. «Դարձնե՛նք առողջապահության հասանելիությունը համընդհանուր իրավունք՝ որպես ժողովրդավարության հենասյուն եւ հարգանք առ մարդկային արժանապատվություն»։