Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԲ-ն երբեք չի կարող անել այն, ինչ ես եմ անում». պանելային քննարկում Թարգմանիչների միջազգային օրվա առթիվ

Հոկտեմբեր 04,2025 14:00

Պատասխանատվություն, անկողմնակալություն, համեստություն, անտեսանելիություն. սրանք հմուտ համընթաց թարգմանչին բնորոշ որակներից մի քանիսն են, փաստեցին Թարգմանիչների միջազգային օրվա առթիվ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի կազմակերպած «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրով պանելային քննարկման մասնակիցները։

Սեպտեմբերի 30-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, անցկացված քննարկման պանելիստները մի կողմից բանավոր թարգմանիչներ էին՝ Արտաշես Էմինն ու Լիլիթ Սիմոնյանը, մյուս կողմից՝ թարգմանիչների ծառայություններից օգտվողներ՝ ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, որն իր կարիերիայի ընթացքում աշխատել է որպես բանավոր թարգմանիչ։ Մոդերացիան իրականացրեց սոցիալական ազդեցության մասնագետ եւ գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը։

Թարգմանիչը՝ «մի մաքուր ապակե պատուհան»

«Բանավոր թարգմանիչն իր առաքելությունը լավ է կատարել, երբ թարգմանության ժամանակ նա չի ներդրել իր սեփական հայացքը, գաղափարը կամ կարծիքը։ Ավելի լավ հոմանիշ  չի փնտրում։ Նա պետք է լինի մի մաքուր ապակե պատուհան, որով արեւի շողերը ազատորեն կթափանցեն ներս»,-քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը։

Նախկին թարգմանչի կարծիքով՝ թարգմանիչն այս կերպ է վստահություն շահում։ Նա ընդգծում է նաեւ թարգմանչի համեստության կարեւորությունն՝ ասելով՝ «Թարգմանիչը չի կարող հայտնվել ուշադրության կենտրոնում։ Նա չի կարող բանախոսներից մեկը դառնալ»։

Վստահությունը պետք է փոխադարձ լինի

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր խոսքում անդրադարձավ թարգմանության ընթացքում ակնհայտ ժեստերին եւ մարմնի լեզվին։

«Հավատացած եղե՛ք, եթե անգամ չեք տիրապետում լեզվին, մեկ այլ մարդու մարմնի կամ դեմքի արձագանքից քեզ համար պարզ է դառնում, որ թարգմանությունը կարող էր թյուր լինել»։

Հենվելով այլ երկրներում իր դիվանագիտական ծառայության փորձի վրա՝ Ժակոբը փաստեց՝ ոչ բոլոր թարգմանիչներն են պահպանում բարձր պրոֆեսիոնալիզմ։ Պատահել է, երբ թարգմանիչը դարձել է երկխոսության մաս՝ Ժակոբին մի պահ դուրս մղելով խոսակցությունից։

Հայտնելով, որ Հայաստանում նմանատիպ դեպքեր իր հետ չեն արձանագրվել՝ ՄԱԿ մշտական համակարգողը գովերգեց հայ թարգմանիչների մասնագիտական պրոֆեսիոնալիզմը։

Վստահության առումով՝ Ժակոբն ընդգծեց, որ այն պետք է փոխադարձ լինի, այսինքն՝ ոչ միայն բանախոսը պետք է վստահի թարգմանչին, այլեւ թարգմանիչը բանախոսին։

«Ես պետք է այնպես խոսեմ, որպեսզի թարգմանիչը կարողանա ճիշտ ուղերձ փոխանցել։ Ես պետք է խոսեմ հակիրճ, հղկված եւ առանց մասնագիտական ժարգոնի… Ես պետք է արտահայտվեմ այնպես, որպեսզի իմ ասելիքի փոխանցումը գլխացավանք չառաջացնի թարգմանչի համար»,- ասաց դիվանագետը, հավելեց՝ այս գիտակցությունը նպաստել է նաեւ իր հանրային խոսքի բարելավմանը։

Թարգմանության սոցիալական գործոնը

Մեր երկրում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը սոցիալական տեսանկյունից ներկայացրեց բանավոր թարգմանիչների դերի նշանակությունը։

«Մարդիկ գալիս են Եվրոպական Միության զանազան կառույցներ. մարդիկ, սովորական մարդիկ։ Նրանք դիվանագետներ չեն, փորձագետներ չեն, լեզվաբաններ չեն։ Նրանք ֆերմերներ են, տնային տնտեսուհիներ են, մարզերի բնակիչներ են։ Նրանք գալիս են, մասնակցում են, խոսում են։ Նրանց ասելիքը փոխանցվում է թարգմանիչների միջոցով»,- նշեց Վասիլիս Մարագոսը։

Եվրոպացի դիվանագետը շարունակեց. «Այս է պատճառը, որ Եվրոպական Միությունը խոշոր ներդրումներ է իրականացրել ԵՄ թարգմանչական ծառայության մեջ։ ԵՄ-ի բոլոր լեզուները հավասար են»։

Դեսպանը կարեւոր համարեց Հայաստանում բանավոր թարգմանության ռեսուրսների եւ բանավոր թարգմանիչների պատրաստման ուղղությամբ ներդրումները։ Նա մատնանշեց իր հայրենի Հունաստանի օրինակը, որը ԵՄ անդամակցությունից հետո անհրաժեշտաբար խոշոր ներդրումներ կատարեց բանավոր թարգմանիչներ կրթելու համար՝ հիմնելով մասնագիտական դպրոց։

Մարագոսն անկեղծացավ՝ բանավոր թարգմանության շնորհիվ նա կարողանում է որոշ բառերի հայերեն համարժեքները սովորել։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր թարգմանիչներին՝ հայերենի անվճար դասերի համար»,-կատակեց նա։

«Մեքենայական թարգմանությունը կգա փոխարինելու մարդկային թարգմանությանը միայն այն դեպքում, եթե….»

Պանելային քննարկումից անմասն չէր կարող մնալ արհեստական բանականության տարածման գործոնը։ Մոդերատորը հարցրեց՝ ԱԲ-ն կարո՞ղ է փոխարինել բանավոր թարգմանչին։

Բանավոր թարգմանիչներ Արտաշես Էմինը եւ Լիլիթ Սիմոնյանը չեն կարծում, թե ԱԲ-ն վտանգում է իրենց մասնագիտությանը։

«ԱԲ-ն երբեք չի կարող անել այն, ինչ ես եմ անում»,-առաջին հայացքից անհամեստ թվացող միտքը Արտաշես Էմինինն է, սակայն նա չհապաղեց բացատրել, թե ինչ նկատի ունի։

«Եթե ես տեսնում եմ, որ հանդիսատեսը կազմված է անգլերենը հիմնականում որպես երկրորդ լեզու կիրառողներից, ես զերծ կմնամ կիրառել խրթին բառեր, որովհետեւ դա անիմաստ կլինի: Ես չեմ կիրառի ubiquitous բառը (հայերեն համարժեքներն են՝ ամենուր, ամենուրեք – Ա.Ա.)։ Ես չեմ կարծում, որ ԱԲ-ն այնքան խելացիություն կունենա՝ միջոցառման համատեքստն ըմբռնելու համար»,-նշեց Էմինը՝ հիշեցնելով, որ ԱԲ-ն տեղյակ է միայն իրեն «կերակրվող» տեղեկատվությունից։

Ըստ Լիլիթ Սիմոնյանի՝ արհեստական բանականությանը կարելի է վերաբերվել որպես թարգմանչի ունակություններն ընդլայնող եւ ժամանակ խնայող գործիք։

«Թարգմանությունը շատ ավելին է, քան կրկնություն օտար լեզվով։ Կա մարդկային շփում, որը շատ կարեւոր է»,-ասաց Սիմոնյանը, եզրափակեց՝ «Մեքենայական թարգմանությունը կգա փոխարինելու մարդկային թարգմանությանը միայն այն դեպքում, եթե մարդիկ կդառնան մեքենաներ»։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ COP17-ին ընդառաջ

Իսկ քանի դեռ ԱԲ-ն չի փոխարինել թարգմանիչներին, ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը եւ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը փաստեցին՝ գալիք տարի Հայաստանում բանավոր թարգմանիչների մեծ պահանջարկ է առաջանալու։

Դեսպան Մարագոսը հիշեցրեց գարնանը Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի մասին։ Երեւանում կհավաքվեն եվրոպական պետությունների առաջնորդները։

Մշտական համակարգող Ժակոբն էլ իր հերթին խոսեց հոկտեմբերին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, մասին, որի հյուրընկալողը կրկին մենք ենք։

Նրա խոսքով՝ Հայաստանում հավաքվելու է 170 երկրի 10 հազար պատվիրակ։

«Պատրաստվե՛ք»,-թարգմանիչներին կոչ արեց Ժակոբը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031