Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը «Նշված մեղրին տիրանալու դիտավորությամբ» մեղր է հափշտակել

Հոկտեմբեր 04,2025 12:30

Առաջին անգամը չէ, որ կալանավորը հեռախոսը ձեռքին կալանավայրից որեւէ հանցափորձ է կազմակերպում: Որպես կանոն, նա ակտիվ օգտատեր է «List.am» կայքի, ինչպես այս դեպքում էր:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Արշակ Թամրազյանը պատժի կրման ընթացքում Աննա Հարությունյանի հետ «նախնական համաձայնությամբ խմբի կազմում» խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.360.000 ՀՀ դրամի մեղր իր տարաների հետ միասին:

Ա. Թամրազյանը 2017 թ. սեպտեմբերի 10-ին «List.am» ինտերնետային կայքում որոնման միջոցով գտել է մեղրի վաճառքի վերաբերյալ Վանաձորի բնակիչ Ա. Ափինյանի կողմից տեղադրած հայտարարությունը, «նշված մեղրին տիրանալու դիտավորությամբ» իր հեռախոսով զանգել է Ա.Ափինյանին, ներկայացել է Հրայր անունով, որպես «Սաս» սուպերմարկետի մենեջեր, ցանկություն հայտնելով գնել Ա.Ափինյանին պատկանող մեղրը: Նա ասել է, թե իբր անհրաժեշտ է 1200 կգ մեղր ձեռք բերել սուպերմարկետի համար, եւ Ա.Ափինյանի հետ սակարկելուց հետո պայմանավորվել է, թե 1 կգ մեղրը իբր ձեռք է բերել 3200 ՀՀ դրամով, հայտնել է, որ այն գնելու նպատակով Ա.Ափինյանին կմոտենա սուպերմարկետի ներկայացուցիչ Ա.Հարությունյանը: Թամրազյանը նույն օրը զանգահարել է փոխադրումներ իրականացնող վարորդ Ե. Մելիքյանին,  պայմանավորվել իր «գործավար» Ա.Հարությունյանին Երեւանից հետադարձով Վանաձոր տեղափոխելու վերաբերյալ:

2017 թ. սեպտեմբերի 10-ին 9 տարա մեղրը բեռնել են ավտոմեքենան, այնուհետեւ ուղեւորվել Ա.Ափինյանի ընկերոջ՝ Ա. Սահակյանի տուն եւ բեռնել վերջինիս պատկանող մնացած եւս 15 տարա մեղրը: Ա.Թամրազյանի ցուցումով իբր մեղրը փորձաքննության անցկացնելու պատրվակով ուղեւորվել են Երեւան, սակայն Աբովյան քաղաքի ոստիկանական հենակետի մոտ Ա.Ափինյանը եւ Ա.Սահակյանը իրենց ավտոմեքենան թողել են տեղում եւ Ա.Հարությունյանի հորդորով նստել Ե.Մելիքյանի «Մերսեդես ML 350» մակնիշի 96 ML 969 հ/հ ավտոմեքենան: Հասնելով Երեւան, Թբիլիսյան խճուղու մոտ՝ Ա.Հարությունյանը գլխացավի դեղ գնելու եւ հետո նրանց միանալու պատճառաբանությամբ պատահական տաքսի ավտոմեքենայով հեռացել է, որի ընթացքում Ե.Մելիքյանը Ա.Թամրազյանի ցուցումով ուղեւորվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի մասնաշենք, իբրեւ որեւէ անձից 2 միլիոն ՀՀ դրամ գումար վերցնելու պատրվակով, ըստ մեղադրական եզրակացության` դիտավորյալ Ե.Մելիքյանին, Ա.Սահակյանին եւ Ա.Ափինյանին ճանապարհից շեղելով: Ա.Թամրազյանը հեռախոսազանգի միջոցով վարորդին կարգադրել է ուղեւորվել Կիեւյան կամուրջի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի ուղղությամբ…

Վարորդը վերցրել է բանվորներ Է.Ասկարյանին, ոմն Գագոյին: Ա.Թամրազյանի ցուցումով մեղրը դատարկելուց հետո վարորդին վճարվել է 30.000 ՀՀ դրամ գումարը, եւ նա հեռացել է: Ա.Թամրազյանի խնդրանքով նշված վայր է գնացել Ալբերտ Շաղոյանը, ով նշված մեղրը Ա.Թամրազյանի ցուցումով պահելու, այնուհետեւ այն վաճառելու նպատակով, «Գազել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Էջմիածնի Չարենց թաղամասի ուղղությամբ… Ա.Թամրազյանը խարդախությամբ տիրացել է Ա.Ափինյանին եւ Ա.Սահակյանին պատկանող ընդհանուր 4.360.000 ՀՀ դրամին համարժեք 24 տարա մեղրին:

Այսինքն, Արշակ Թամրազյանը, Աննա Հարությունյանը կատարել են հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2023թ. նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործի վարույթը կարճվել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

2023 թ. դեկտեմբերի 13-ին  Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ Ա.Թամրազյանին եւ Ա.Հարությունյանին վերագրվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ի դեպ, առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով, որպես առանձնապես խոշոր չափ, օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։ Առաջին ատյանի դատարանը միաժամանակ փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ ուստի վաղեմության հարցի լուծման համար կիրառելի են արարքը կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները:

Երեկ տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը գործը բեկանել է, եւ ուղարկել նոր քննության:

Ըստ Վճռաբեկ դատարանի, տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված՝ միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Այսինքն, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ավելի քան հինգ տարի անց Ա.Թամրազյանը եւ Ա.Հարությունյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ եւ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, եւ ներկայումս գործող քրեական օրենքի համաձայն, տվյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2025

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031