ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 28-ին դիմել է Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան ընդդեմ Հայկ Դեմոյանի` պահանջելով «պարտավորեցնել Հայկ Դեմոյանին հրապարակայնորեն հերքել Armlur TV Յութուբյան ալիքում հրապարակված «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից եւ պատգամավորից բացի կա եւս մեկը. ո՞վ է նա» վերտառությամբ տեսանյութում արված հայտարարությունը: Միրզոյանը նաեւ պահանջել է Հայկ Դեմոյանից՝ հօգուտ Արարատ Միրզոյանի, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով՝ 3.000.000 ՀՀ դրամ:
Միրզոյանի ներկայացուցիչն է փաստաբան Զարուհի Կարապետյանը: Դատավորն է Սարգիս Երիցյանը:
Հայցվորն առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ եւ 122-րդ հոդվածներով՝ դատարանից՝ խնդրում է. «1 Պարտավորեցնել Պատասխանող Հայկ Անուշավանի Դեմոյանին հրապարակայնորեն հերքել Armlur TV Յութուբյան ալիքում հրապարակված՝ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից եւ պատգամավորից բացի կա եւս մեկը. ով է նա» վերտառությամբ տեսանյութում արված «Այդ ժամանակ կազմակերպված հանցագործության բաժնի աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննության էին տարել նաեւ թանգարանի ասպիրանտներին։ Ինչու, որովհետեւ եղավ մեկ հեռախոսազանգ։ Զանգահարեց ինձ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը եւ այսպես վրդովված տոնով ասեց, ինչու եմ ես քրեական գործ հարուցել էտ գրքերի համար, էտ գրքերը գողացել են, ես անակնկալի եկա, ասեցի՝ պարոն Բարսեղյան, բա որ գողացել են, ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել ասեց, որ չենք ուզում աղմուկ լիներ, եւ ինքը պարզ տեքստով ասեց, որ գողացել են ասպիրատները… Այդ ժամանակ թանգարանում մի քանի հոգի են եղել ասպիրատներ, երկուսին ես հետագայում կիմանամ, թե նրանք ովքեր են: Այդ պահին ես չէի ճանաչում ոչ Վլադիմիր Վարդանյանին, ով այս պահին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագան է, եւ նախկին Ազգային ժողովի նախագահ եւ ներկա պահին արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Հիմա եկեք էսպիսի մի դրվագ պատկերացնենք էլի, երկուսին տանում ենգես չեմ ճանաչում իրենց, բայց ես ստիպված քրեական գործ եմ հարուցել, հարցաքննում են, իմ ունեցած կցկտուր փաստացի տվյալներից մեկը այն է, որ Արարատ Միրզոյանը փորձել է թանգարանի աշխատակցուհիներից մեկի վրա բարդել գողության մեղքը…
Իսկ տասնյոթն անց երեսուն վեց րոպեին նշում է, որ «…Երկու բախտորոշ փաստաթուղթ է հրապարակվելու, աշխատում են էտ ուղղությամբ, դուք էս փուլում, էս պատմական փուլում բախտորոշ, եթե չեք պարզում, չեք ուզում մաքրվել եւ հասկանալ էս երկու անձը, ովքեր միգուցե եւ կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ, դուք թո՞ւյլ եք տալիս Ձեր եւ Ձեր երեխաների ապագան որոշեն մարդիկ, ովքեր գոնե էս փուլում կասկածվում են։ Ուրեմն երկու հազար յոթի հարուցված քրեական գործի ցուցմունքները կան որպես կարեւոր փաստաթուղթ, որ առնչվում է Հայաստանի անվտանգության հետ, սա նաեւ դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը, հրապարակեք Արարատ Միրզոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հարցաքննության տեքստերը։ Սա հրապարակման համար պարտադիր է արտահայտությունները»:
Կարդացեք նաև
Տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 23-ին Արարատ Միրզոյանը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ավետիք Հովհաննիսյանի՝ հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Տ. Ստեփանյանին:
Դատարանը մերժել է պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
Արարատ Միրզոյանը պատվի, արժանապատվության մեկ այլ հայց էլ ունի լրատվամիջոցի հետ:
Նա օգոստոսի 8-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Վահե Մակարյանի, «Մեդիահաբ» ՍՊ ընկերության՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին: Դատավորն է Ա.Ա Անտոնյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2025