Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են փողերը «փախչում» Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնում դրանք. «Փաստ»

Հոկտեմբեր 04,2025 10:45

Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների արագ աճը, որը զգալիորեն գերազանցում է արտերկրից Հայաստան ուղղությամբ փոխանցումների ներհոսքի տեմպը, մեծ մտահոգություն է առաջացնում ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ կապիտալի պահպանման ու ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի առողջության տեսանկյունից։

Վերջին տարիներին դրամական փոխանցումների ոլորտի վիճակագրությունն ու կառուցվածքային փոփոխությունները բացահայտում են, որ Հայաստանը հայտնվել է ոչ միայն միգրացիոն ու սոցիալ-տնտեսական մեծ ճնշումների տակ, այլև առերեսվում է կապիտալի՝ հաճախ չհիմնավորված, արագ ու աճող արտահոսքի ռիսկին, որի պատճառները բազմաշերտ են՝ սկսած ներքին քաղաքական ու իրավական անորոշություններից, վերջացրած արտաքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխություններով ու բիզնես միջավայրի անկայունությամբ։

Պատմականորեն Ռուսաստանը եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը՝ ինչպես աշխատուժի միգրացիայի, այնպես էլ բազմամյա տնտեսական կապերի հետևանքով։ Այս միտումը պահպանվել է նաև վերջին տարիների ընթացքում. օրինակ՝ 2024 թվականին դեպի Հայաստան փոխանցված գումարների ծավալը գերազանցել է 3,8 միլիարդ դոլարը, ինչը 2021 թվականի համեմատ ավելացել է ավելի քան չորս անգամ։ Իսկ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից ստացել են մոտ 3,3 միլիարդ դոլար՝ արձանագրելով 9,3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։

Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը կրկին Ռուսաստանն է՝ յոթ ամսում փոխանցվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ներհոսքի ավելի քան երկու երրորդը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԱՄԷ-ն հաջորդում են՝ ավելի համեստ ծավալներով, թեև փոխանցումների աճի տեմպերը որոշ դեպքերում բավական բարձր են, ինչի վառ օրինակն է Մեծ Բրիտանիայից 2,5 անգամ աճը կամ Շվեյցարիայից 43,7 տոկոս ավելացումը։ Այս թվերը, սակայն, դեռևս գերակշռող դեր չունեն, քանի որ ռուսական ուղղությունը շարունակում է մնալ գլխավոր «մատակարարը»։

Սակայն, սրան զուգահեռ, կա մտահոգիչ միտում, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճն առաջանցիկ տեմպեր է գրանցում՝ գերազանցելով ներհոսքի աճի ցուցանիշները։ Այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանից արտերկիր փոխանցվել է մոտ 2,6 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,2 տոկոսով կամ 321 միլիոն դոլարով։ Սա շատ ավելի բարձր տեմպ է, քան ներհոսքի 9,3 տոկոսանոց աճը։ Առավել ուշագրավ է, որ առանձին ուղղություններով փոխանցումների աճը արտառոց բարձր է։

Օրինակ՝ Շվեյցարիա փոխանցումները հասել են 387 միլիոն դոլարի, որը 2,5 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դեպի Ռուսաստան փոխանցումները կազմել են 420 միլիոն դոլար՝ աճելով 20,1 տոկոսով։ ԱՄՆ, ԱՄԷ և այլ երկրներ փոխանցումները ևս աճի միտում ունեն, թեև որոշ դեպքերում՝ նվազման որոշակի նշաններով։

Այս վիճակագրական պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն մնում է տրանսֆերտների, այսինքն՝ արտերկրից եկող փողի տնտեսությամբ ապրող երկիր, այլև, որ ավելի վտանգավոր է, աստիճանաբար վերածվում է կապիտալի արտահոսքի ակտիվ աղբյուրի։ Վերջինիս հիմնական պատճառները բարդ են և բազմաշերտ։ Առաջին պատճառը թերևս ներքին տնտեսական և բիզնես միջավայրի կայունության ու կանխատեսելիության պակասն է։

Հայաստանում ներդրումային էկոհամակարգը վերջին տարիներին լրջորեն տուժել է՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ, օրենսդրական փոփոխությունների անկանխատեսելիությամբ, հարկային և մաքսային վարչարարության խստացմամբ, կոռուպցիոն ռիսկերով և անարդյունավետ կառավարմամբ։ Բազմաթիվ գործարարներ, ներդրողներ և նույնիսկ անհատ քաղաքացիներ սկսել են նախընտրել իրենց միջոցները տեղափոխել կամ ժամանակավոր պահել արտաքին բանկերում, ավելի վստահելի ֆինանսական կենտրոններում, որքան էլ որ այդ գործընթացը ուղեկցվում է կորուստներով կամ լրացուցիչ ծախսերով։

Դրան նպաստում են նաև դոլարի նկատմամբ դրամի արժևորման տատանումները, արժութային շուկայում անորոշությունները, ինչպես նաև արտասահմանում բացված հաշվեհամարների և բանկային ծառայությունների ապահովությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031