Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժառանգությունը վտանգի տակ է․ պահանջում ենք շտապ դադարեցնել Եղեռնի հուշահամալիրի նկատմամբ իրականացվող վանդալիզմը»

Հոկտեմբեր 04,2025 17:45

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը սրբավայր է հայ ժողովրդի համար։ Այն մեր ազգային ճարտարապետության բացառիկ նմուշներից է և համազգային սգի ու վերածննդի խորհրդանիշ։ Այդ վայրում յուրաքանչյուր քար ու յուրաքանչյուր կառուցվածքային տարր ունի հստակ սիմվոլիկ նշանակություն։

Այսօր հուշահամալիրում իրականացվում են շինարարական աշխատանքներ առանց հիմնավորված փորձագիտական ուսումնասիրության, առանց մասնագիտական հանրույթի հետ համաձայնեցման և օրենքների շրջանցմամբ։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացրել թե՛ մասնագետների, թե՛ հասարակության մոտ։

Հուշահամալիրի հեղինակ, ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր, հեղինակային իրավունքների ժառանգորդ Անահիտ Թարխանյանն իր մտահոգությունն է հայտնում Հայնախագիծ ՓԲԸ֊ի նախագծով իրականացվող խախտումների վերաբերյալ, որոնք կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել, մասնավորապես`

  1. Մույթերից ապամոնտաժվում են հսկա բազալտե քարերը։ Դրանք ստեղծվել են՝ համադրելով ժամանակակից և միջնադարյան ճարտարապետական լուծումները։ Քարերի արանքում տեղադրված արճիճներն ապահովում են ջրամեկուսացումը և կանխում բույսերի աճը մույթերի վրա, դրա փոխարեն առաջարկում են բարակ բազալտե սալիկներով մույթերի երեսապատում
  2. Հավերժության տաճարի շուրջը փորվում է 3.5 մ խորությամբ և 2.5 մ լայնությամբ խրամատ։ Սա թուլացնում է հուշահամալիրի հիմքերը։ Ներկայացված հիմնավորումը համոզիչ չէ․ նշվում է, թե հուշարձանը պետք է պաշտպանվի ջրից, բայց անհասկանալի է՝ որ ջրից, երբ ստորգետնյա ջրերը գտնվում են Ծիծեռնակաբերդի բլրի ստորոտում` հուշահամալիրից 300 մետր ներքև, Հրազդան գետի մակարդակին: Մույթերի շուրջ գտնվող հարթակների բազալտե սալահատակներն ապամոնտաժվում են դրսից և ներսից` ընդհանուր 8 մետր լայնությամբ տարածքով
  3. Դեպի Հավերժ կրակը տանող բազալտե բոլոր աստիճանները ապամոնտաժվում են` խափանելով ազատ մուտքը դեպի Հավերժ կրակ։ Աստիճանների ապամոնտաժման արդյունքում թուլանում են Հավերժության տաճարի հիմքերը։

Սեպտեմբերի սկզբին Արթուր Թարխանյանի անվան Հայկական Մոդեռնիզմի թանգարանում կայացավ մասնագիտական հանրույթի քննարկում, որի արդյունքում պատրաստվեց զեկույց` Եղեռնի հուշահամալիրի վերանորոգման նախագծում առկա բացթողումների և խախտումների մասին։ Քննարկման արդյունքում որոշվեց՝

  • Անհրաժեշտ է դադարեցնել ընթացիկ նախագծով իրականացվող աշխատանքները
  • Վերանայել նախագիծը հիմնվելով ժամանակակից հետազոտությունների վրա, չբավարարվելով անցյալ դարի “ակնադիտական” եզրակացություններով
  • Նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցնել մասնագիտական և քաղաքացիական հանրության հետ
  • Նախագծի վերանայմանը և շինաշխատանքների իրականացմանը ներգրավել կոմպետենտ մասնագետների։

Սիրելի հայրենակիցներ, Եղեռնի հուշահամալիրի վերանորոգումը միայն մասնագիտական խնդիր չէ։ Սա մեր հիշողության, մեր պատմության և ազգային արժանապատվության հարցն է։ Եկեք անտարբեր չլինենք մեր պատմության նկատմամբ։

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Արթուր Թարխանյան կենտրոնում տեղի կունենա ասուլիս, որտեղ կներկայացվեն զեկույցի մանրամասները։

Հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու քննարկմանը։

Հուշակոթողի “վերանորոգման” խնդիրներին նվիրված ամբողջական զեկույցը՝

Անահիտ Թարխանյանի հարցազրույցը զեկույցի մանրամասների վերաբերյալ՝

Արթուր Թարխանյան կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031