Երևանում հրատարակվել է իրանահայ բանաստեղծ֊թարգմանիչ Վահե Արմենի նոր գիրքը։ Բանաստեղծությունների այս շարքը կոչվում է «Էմմայի տղան», երկլեզու է` հայերեն և պարսկերեն։ Վահե Արմենը իրանահայ բացառիկ բանաստեղծներից է, որ հիմնականում պարսկերենով է գրում։ Նրա գործերը մինչ այժմ հրատարակվել են տաս առանձին գրքերով. պարսկերեն գործերը թարգմանվել են հայերենի և հրատարակվել են Հայաստանում։ Վահեն արդեն հինգ տարի է, որ տեղափոխվել է Հայաստան։
«Էմմայի տղան» հավաքածուն առաջինն է, որ պարսկերենից հայերեն է թարգմանել հենց հեղինակը։
Գիրքը տպագրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության տպարանում, խմբագրել է Գեղեցիկ Մարգարյանը, կազմը ձևավորել է Արտակ Հարությունյանը, իսկ էջադրումը կատարել է Նարինե Գևորգյանը։ Գրքի նախաբանում կարդում ենք .«Հուրախություն հայ ընթերցողի` Վահե Արմենը «Էմմայի տղան» գիրքը գրել է երկու լեզվով։ Սա շատ հետաքրքիր փորձառություն է, երբ որևէ թարգմանիչ մասնակից չի լինում բանաստեղծական տեքստին։ Վահե Արմենի բանաստեղծությունը ողողված է մաքուր, լուսեղեն թրթիռներով։ Երանի այն մարդկանց, ովքեր կկարողանան գիրքը կարդալ թե պարսկերեն, թե հայերեն»։
Կարդացեք նաև
«Էմմայի տղան» բանաստեղծությունների շարքը Վահեի հուզական, սիրային և պատկերներով լի գործերն են` մանկա-պատանեկան շրջանի հուշերով և այլաբանությամբ ներկայացված իր ճակատագրական ավտովթարով, որով կորցրել է իր քայլելու կարողությունը. «Նրա հետ այլևս տեղ չգնացի։ Այն արևոտ օրվանից հետո հեծանիվիս անելիքը էլ գնալը չէր, մնա’լն էր` չարաճճի այն պատանու մտքում, ով կամաց֊կամաց դառնում էր բանաստեղծ …» ( էջ 75)։
Վահե Արմենը ծնվել է 1960
թվականին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է իր
ծննդավայրում, ապա բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է Լոնդոն։ Իր բանաստեղծական ժողովածուներից երկուսը գրել է հայերենով, յոթը պարսկերենով և մեկը` երկլեզու։ Վահեի պարսկերեն գործերը հիմնականում հայերենի է թարգմանել գրող-թարգմանիչ Էդուարդ Հախվերդյան և տպագրվել են Հայաստանի «Գարուն», «Գրական թերթ», «Անդին», «Գրանիշ» և այլ հանդեսներում։
Բանաստեղծի գործերը թարգմանվել են նաև անգլերենի, գերմաներենի, քրդերենի, թուրքերենի և ռուսերենի. տպագրվել են այդ երկրների
գրական հանդեսներում։
Վահե Արմենը Հայաստանի բանաստեղծներից ավելի քան քսանի գործերը թարգմանել է պարսկերենի և առանձին գրքույկներով հրատարակել է Իրանում։ Նա Իրանի ժամանակակից բանաստեղծներից տասի գործերը թարգմանել է հայերենի և 2018 թվականին առանձին գրքույկով հրատարակել է Երևանում։ Իրանահայ բանաստեղծը Թեհրանում արժանացել է գրական չորս մրցանակի. դրանք են «Խաղաղության պոեզիա» (2007թ.), Իրանի մշակույթի նախարարության մրցանակ (2009թ.), պոեզիայի «ֆաջր» մրցանակ (2020թ.), «Տարվա գիրք» (2020 թ.)։ Վահե Արմենին 2010 թ. շնորհվել է Հայաստանի «Կանթեղ» թարգմանական մրցանակն ու պատվոգիրը։
***Այսօր` տեղի կունենա «Էմմայի տղան» գրքի շնորհանդեսը։
Տես` նաև
Տիգրան Դավուդյան