Այսօր Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում էին 12 կուսակցություններ, նրանց թվում էին նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտեցին ընտրությունները։
Ընդդիմությունը հայտարարել էր «կառավարության խաղաղ տապալման» ծրագրերի մասին։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել է՝ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում արդեն գրեթե մեկ տարի. Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված ցույցերը նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
Այսօր Թբիլիսիի նախագահական նստավայրի մոտ՝ Օրբելիանի փողոցում, ընդդիմադիրների հավաքի ժամանակ իրավիճակը լարվեց:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնել է, որ ցուցարարները փորձել են մտնել նախագահական նստավայր, տեղում ցանկապատը կոտրվել է, հատուկջոկատայինները փորձում են նրանց դուրս մղել պղպեղի սփրեյի միջոցով:
Հաղորդվում էր տուժածների մասին: Նշվում է, որ նախքան Օրբելիանի փողոց շարժվելը «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներից Մուրթազ Զոդելավան հայտարարել է, որ «այսօր կսկսի գործել տղամարդկային ուժը», և որ կպահանջեն նախագահական նստավայրի բանալիները: «Դա կլինի առաջին քայլը», – ասել էր նա:
Ավելի ուշ իրավիճակն ավելի լարվեց, հատուկ նշանակության ուժերը սկսեցին ջրցան մեքենաներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար:
Հաղորդվեցին ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին: Ոստիկանությունը ջրցան մեքենա կիրառեց: