Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ազգային գաղափարախոսության հենքի հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունը. Լիլիթ Արզումանյան

Հոկտեմբեր 05,2025 11:16

«Լեզուն, մշակույթը, հավատը եւ պատմությունը մեր ազգային ինքնության հիմնաքարերն են»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը: Ապա հավելում է. « Ինչպիսի շրջադարձային իրադարձություններ էլ լինեն աշխարհում՝ ցանկացած ազգ մնում է իր ազգային մշակույթով, որովհետեւ դարերից եկող եւ ապագա գնացող մշակույթը հիմնաքարն է եւ երեւի միակ երաշխիքը: Մեր հավատքը եւս պահել է մեզ դարերով, մենք շատ բարդ ճակատագիր ենք ունեցել, եւ եթե չլինեին իմ նշած մի քանի հատկանիշները՝ մեր լեզուն, գրերը, մշակույթը, հավատքը, մենք վաղուց ոտնատակ էինք գնացել: Դրանք մեր պահապան հրեշտակներն են»:

Հարցին՝ հայ ինքնության կառուցման մեջ ինչ դերակատարություն ունի Հայ Առաքելական եկեղեցին, տիկին Արզումանյանը պատասխանում է. «Առանցքային, որովհետեւ պահպանել է մեզ մեր թշնամիներից… Մեր հայոց պատմությունը գալիս է հենց եկեղեցուց… Պատմություն ստեղծողները, գրողները ովքե՞ր են եղել… հոգեւորականները: Բացի դրանից՝ ի՞նչ դեր է խաղացել հոգեւորականությունը մեր կրթության հարցում… էլի առանցքային: Եթե վերցնենք, միայն մեր Գեւորգյան ճեմարանը, ապա արդեն նշանակալի դեր է այն խաղացել… Հին ժամանակներում եկեղեցիներում են կրթել… Եվ վերջապես, հավատքը մեզ հայ է պահել, եւ փառք Աստծո, որ ժողովուրդը դա հասկանում է, եւ դա մեծ բարեբախտություն է»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ համաշխարհայնացումը ինչ-որ առումով սպառնալիքներ է կրում իր մեջ մեր ինքնության դեմ, ասում է՝ այսօր այնպիսի բաներ են կատարվում, որ կարծես աբսուրդի թատրոնում լինենք: «Ցանկացած ազգ, եթե պիտի պահպանի իր ինքնությունը՝ առանց ազգային գաղափարախոսության հենքի, ողնաշարի դա հնարավոր չի լինի»,- ընդգծում է բանասիրական գիտությունների դոկտորը:

Ինչ վերաբերվում է Հայ Առաքելական եկեղեցուն, մեր զրուցակիցն այսպես է արտահայտվում. «Եկեղեցին նախ եւ առաջ բարոյական արժեքների կրող է, եկեղեցին մարդուն բարի է դարձնում, առավել եւս մեր եկեղեցին… Այսօր մեր իրականության մեջ ավելի շատ բարության կարիք ունենք, իսկ եկեղեցին հանգստացնելու, հավատ, հույս ներշնչելու սուրբ վայր է»:

Վեհափառ հայրապետի մասին էլ նշում է. «Կաթողիկոսը շատ լուրջ դերակատարություն ունի  համահայկական խնդիրների լուծման համատեքստում, որովհետեւ ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոս է, եւ ես անձամբ խոնարհվում եմ գաղափարի առաջ: Կաթողիկոսը մեծ դերակատարություն ունի, վերցնենք միայն վերջերս իր այցը Շվեյցարիա, երբ բարձրացրեց Արցախի, մեր պատմական հուշարձանների հարցը, կաթողիկոսը մեր հոգեւոր առաջնորդն է, իսկ առանց հոգեւոր աշխարհի մարդ արարածը դադարում է նորմալ մարդ լինելուց»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031