Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանի ներկա իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի կատարած հանցագործությունները եւ «փաստաբանական» ծառայություններ են մատուցում Ադրբեջանին՝ պարտակելու այդ երկրի կատարած հանցագործությունները։ Ըստ քաղաքագետի՝ սին հույսեր են Ադրբեջանի այն հույսերը, թե Հայաստանի իշխանության աջակցությունն իրենց թույլ կտա հանցագործությամբ ամփոփել Արցախի խնդիրը։
-Պարոն Ղուկասյան, ԵԽԽՎ-ում, խոսելով արցախցիների վերադարձի մասին, Նիկոլ Փաշինյանն անիրատեսական համարեց վերադարձը։ «Մարդիկ հարց են տալիս՝ ինչքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում»,- հայտարարեց նա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունն ու քաղաքականությունը եւ ի՞նչ վտանգ է պարունակում այն։
– Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքն այն է, որ մարդու իրավունքները խախտելով, մարդկության դեմ հանցագործություններ կատարելով՝ կարելի է խաղաղության հասնել, եւ որպեսզի խաղաղության հասնել, հարկավոր է աջակցել այն հանցագործությունների կատարմանը, որոնք տեղի ունեցան արցախցիների նկատմամբ։ Այս հարցի բարոյական կողմը քննարկման ենթակա չէ, Փաշինյանը գտնում է, որ խաղաղությունն արդարացնում է հանցավոր վարքագիծը, որովհետեւ թշնամուն աջակցելը դա հանցագործություն է իրավական առումով եւ պատիժ է ենթադրում։
Արցախցիների վերադարձի հարցը կախված է միջազգային ազդեցությունից եւ հիմա գտնվում է այս հարթության մեջ՝ Եվրամիություն-Ադրբեջան։ Եվրամիությունը կպահանջի՞ Արդբեջանից՝ պայմաններ ստեղծել հայերի արդար ու անվտանգ վերադարձի համար, թե՞ ոչ։ Հայաստանի ներկա իշխանություններն ամեն կերպ փորձում են ընդգծել, որ իրենք լվացել են ձեռքերը եւ աջակից են Ադրբեջանին արցախցիների դեմ կատարած հանցագործություններում, արդարացնում են այդ հանցագործությունները եւ ծառայություններ են մատուցում՝ պարտակելու այդ հանցագործությունները տարբեր ատյաններում։ ՀՀ իշխանությունները «փաստաբանական» ծառայություններ են մատուցում Ադրբեջանին, եւ դա հոգեբանական ու մյուս առումներով լուրջ խնդիր է։ Հարցի լուծումն էլ բոլորը գիտեն՝ որպեսզի արցախցիները վերադառնան, պետք է լինեն պայմաններ։ Ակնհայտ է, որ պետք է լինեն միջազգային կառավարում, միջազգային անվտանգության երաշխիքներ։ Եվ ակնհայտ է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է լուծվի ազատ կամարտահայտությամբ, այսինքն՝ հանրաքվեով։
Կարդացեք նաև
Իմ կարծիքով՝ Արցախի հարցի կարգավորման հարցում ոչ մի առարկայական փոփոխություն չի եղել։ Փոփոխությունը միայն այն է, որ Հայաստանի իշխանություններն անցել են հանցագործների կողմը։
-Այդ հիմքի վրա իրական խաղաղություն հնարավո՞ր է կառուցել։
-Ոչ, իրական խաղաղություն հնարավոր է միայն այն լուծման հիմքի վրա, որը տարիներ շարունակ գերտերությունների նախագահները հրապարակային առաջարկում էին։ Այսինքն՝ չպետք է լիներ օկուպացիա, հայկական կողմը պետք է վերադարձներ ԼՂ հարակից տարածքները, Ադրբեջանն էլ պետք է ճանաչեր Արցախի ժողովրդի իրավունքը, իսկ Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր ազատ հանրաքվեի միջոցով։ Բանաձեւը սա էր, վեց կետերը բոլորը գիտեն՝ միջազգային խաղարար ուժերի տեղակայում, Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակ եւ այլն։ Սա է հիմքը ամուր հարաբերություններ եւ խաղաղություն հաստատելու համար։ Իսկ այն, ինչ կատարվում է հիմա, ժամանակավոր երեւույթ է, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ հանցագործության հիման վրա երբեք որեւէ խաղաղություն չի կարող հաստատվել։ Ցեղասպանության, էթնիկ զտումների միջոցով քաղաքական հարցերը չեն լուծվում։ Մարդու իրավունքներն այդպես կոպիտ խախտելով կամ մարդկանց նկատմամբ կոպիտ հանցագործություններ կատարելով՝ հարցերը չեն լուծվում։ Լինում են, իհարկե, պատմական անարդարություններ, ինչպիսին է հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, բայց այս դարում սին հույսեր են Ադրբեջանի այն հույսերը, թե Հայաստանի իշխանության աջակցությունն իրենց թույլ կտա հանցագործությամբ ամփոփել Արցախի խնդիրը։ Ժամանակավոր կարող է արդյունք տա իրենց համար, բայց առհասարակ՝ ոչ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2025