Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ձեր իշխանությունը Արծվաշենը ետ չբերեց․ խորհրդարանում քննարկվում է «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

Հոկտեմբեր 06,2025 12:15

«Այս փաստերը կարելի է շարունակել, բայց հայտարարության մեջ ներկայացված են ամենաաղաղակող եւ ամենացավոտ հարցերը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա ներկայացնում էր «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հայկ Մամիջանյան

Ապա հայտարարության նախագծի «արկածախնդրություն եւ զիջումներ» բաժնում, ասաց կարելի էր հավելել վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անորոշությունները, իսկ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նահանջի հատվածում էլ հավելեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքի որոշումը։

Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ լավ սկիզբ է, քանի որ հարցի շուրջ համախմբում է նկատվում եւ դա ցույց տվեցին խորհրդարանական լսումները։ Հստակեցրեց՝ սա ընդամենը հայտարարության տեքստ է, իսկ իմպիչմենթի գործընթացը բնականոն ընթանում է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը առաջարկեց՝ բովանդակային քննարկման մեջ չմտնել, եթե խնդիրը հարցին հնչեղություն տալն է, դա անել միանգամից լիագումար նիստերի դահլիճում։

Ալխաս Ղազարյան

Հայկ Մամիջանյանն առարկեց՝ ասելով՝ եթե ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է իր հետ բովանդակային քննարկման մեջ մտնել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հարցերով, ինքը պատրաստ է իր ժամանակից մի քանի ժամ տրամադրել այդ գործին։ Ու առաջարկեց՝ «դպրոցական ձեւակերպումներից զերծ մնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Անուշ Քլոյանը հետաքրքրվեց, ինչո՞ւ է հայտարարության մեջ գրված միայն 2021-ի պատերազմից հետո ՀՀ տարածքների բռնազավթման մասին։ Արծվաշենի մասին խոսք չկա։

Անուշ Քլոյան

Հայկ Մամիջանյանն ասաց՝ ճիշտ է եւ եթե ՔՊ-ականները բովանդակային քննարկման մեջ մտնեին, ապա իրենք պատրաստ են համալրել հայտարարությունը։ Նաեւ պարզաբանեց՝ հայտարարության մեջ իրենք անդրադարձել են 44-օրյայից հետո ստեղծված իրավիճակին եւ այդ ժամանակ բռնազավթված ՀՀ տարածքներին, նկատեց, սահմանազատման-սահմանագծման գործընթացը գնում է այնպես, որ համոզմունք է ստեղծում՝ ՀՀ բռնազավթված տարածքների ազատագրումը ՀՀ իշխանության առաջնահերթությունների մեջ չէ։ ՔՊ-ական պատգամավորը համամիտ չէ, վստահեցրեց՝ բռնազավթված տարածքները ազատվելու են եւ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով։

Մամիջանյանի կարծիքով՝ բռնազավթված տարածքները ազատագրվում են ուժային ճանապարհով, բայց ինքը իր ելույթում նման կոչեր չի անում։ Նա իր տարակուսանքը հայտնեց, որ սահմանազատում-սահմանագծում գործընթացը սկսվեց Տավուշից, ինչը ձեռնտու էր բացառապես Ադրբեջանին, քանի որ Տավուշում մեր պաշտպանական դիրքերն ամենալավն էին։

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաեւ տավուշյան դեպքերին, որը ՀՀ ՔՊ-ական իշխանությունը ներկայացրեց «երրորդ համաշխարհայինի ձեռքբերում», երբ հայտարարվեց տարածաշրջանում մեր բանակը ամենամարտունակն է, իսկ երեք ամիս հետո հայտարարվեց, որ բանակն է պարտվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու նախագծի հետ՝ դրա մերժումից հետո, քանի որ Հայկ Մամիջանյանն էլ ասաց՝ ՔՊ-ից ակնկալիք չունեն։ Հայկ Մամիջանյանը ներկայացրեց նախագծի ներկայացման ընթացակարգը՝ ասելով, որ դրան կմիանան նաեւ Արփի Դավոյանը եւ ՔՊ-ական այլ պատգամավորներ, երբ հանրային ճնշման արդյունքում հասկանան, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալն էլի ինչքան վնաս է բերելու պետությանը։

Արփի Դավոյան

Արփի Դավոյանը ընդվզեց Հայկ Մամիջանյանի ելույթի ընթացքում, իսկ հետո հեգնեց թե 4,5 տարվա ընթացքում «Պատիվ ունեմը» «մեծ գործ» է արել՝ լսումներ է հրավիրել։ Իսկ ՔՊ-ական պատգամավորների միանալն իմպիչմենթին՝ համարեց «ձախողված ծրագիր»։ Վստահ է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերի որակումները կտա ժողովուրդը։ Իսկ լսումների ժամանակ իր տպավորությամբ, ընդդիմադիրները ընդամենը «մաղձ» են թափել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

«Սա պաշտոնի բաժանման կամ իշխանության հասնելու գործընթաց չի, բայց ձեր նման լիբերալի կողմից կնոջ հրապարակային թիրախավորման պատասխանը թող տան կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները, որոնց հետ այդքան սերտ համագործակցում էիք մինչեւ իշխանության գալը»,- սա էլ Հայկ Մամիջանյանի նախատինքն էր ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին։ Նա խոսել էր լսումներում Էլեոնորա Մանանդյանի ելույթի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031