Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա Երևանն իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին. Սամվել Կարապետյան

Հոկտեմբեր 06,2025 12:38

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի օրվան ընդառաջ

Սիրելի հայրենակիցներ,

Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է:

Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը, անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանն իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։

Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները, դրանք ցավոք շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից մինչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինի ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռքբերելը, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:

Իրավիճակը իհարկե անհույս չէ՝ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:

Մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։

Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով, մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած, որ դրսում 21-րդ դարն է:

Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին:

Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:

Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։

Անելու ենք՝ մեր ձևով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031