Իմպիչմենթի գործընթացը վաղուց է սկսված․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ բացատրելով, որ վերջերս խորհրդարանում այդ հարցով հրավիրված լսումները գործընթացի մի մասն էին միայն։
Հայկ Մամիջանյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթը առանց ժողովրդի աջակցության, լայն հասարակական զանգվածների եւ փողոցային պայքարի հնարավոր չէ. «Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն եւ վախը այդ իրողությունից նկատվում էր։ Այո, դա անբաժանելի եւ կարեւորագույն մասն է վարչապետի անվստահություն հայտնելու։ Հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն ՔՊ–ական պատգամավորներ, որոնք կմիանան գործընթացին։
«Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինեն, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը, էլ ո՞ւր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետեւ ամենաժողովրդավար, ԱՄՆ-ից ավելի խոսքի ազատություն ունեցող երկրում, որտեղ կա 30-ից ավել քաղբանտարկյալ, մի տեսակ չարժի այդպիսի բան անել։ Շատ արագ իշխանությունները իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ ՔՊ-ականների ուղղությամբ»,- պատասխանեց Հայկ Մամիջանյանը։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ իրենք ժողովրդի հետ աշխատում են, ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նա չի ամաչում ընդդիմության ձախողված փորձերի համար, ափսոսում է, որ դրանք իրենց հիմնական նպատակին չեն հասել։
Իմպիչմենթի ժամկետների մասին հարցին էլ պատասխանեց, որ ժամկետներ չեն սահմանել․ «Մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը։ Մինչեւ չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետեւ այդ անհրաժեշտ 54-ը արդեն ստորագրած են լինելու»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ