Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նշանակում է, որ կա ուժ, որը կարողանում է հայի հետին խելքը տալ առաջ»․ Տիգրան Աբրահամյանը եւ Արուսյակ Ջուլհակյանն իրար հարցեր ունեին

Հոկտեմբեր 06,2025 14:38

«Մենք մեր սխալն ընդունել ենք։ Շատ սխալ ենք արել ու մեր ժողովրդին այդ մասին ասել ենք՝ սխալվել ենք, ժողովուրդ ջան, կներեք»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին պատասխանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արդյոք իշխող ուժի քաղաքականության ձախողումը չէ, որ 2018 թվականից հետո ՔՊ-ն իր ղեկավարի հետ Արցախի վերաբերյալ երեք դիրքորոշում է փոխել, ընդ որում՝ իրարամերժ․ 2018-ին համարել է, որ Արցախի հարցը պետք է ինքնիշխանության համատեքստում լուծվի, 2019-ին համարել է, որ Արցախը Հայաստան է, իսկ 2022-ին, Պրահայում Արցախը համարել է Ադրբեջան։

Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանը փորձեց նաեւ հակադարձել՝ ասելով, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, իրենք երկրի ներսում չեն ասել՝ «հող հանձնողին հանձնեք հողին», իսկ բանակցություններում բանակցել «հողերը հանձնելու վերաբերյալ»։

«Դա նշանակում է, որ կա ուժ, որը կարողանում է հայի հետին խելքը տալ առաջ»,-հավելեց նա։

Տիգրան Աբրահամյանը նաեւ հետաքրքրվել էր՝ արդյոք չեն համարում, որ ՀՀ տարածք մտած ուժերը լուրջ անվտանգային սպառնալիքներ են ստեղծել ՀՀ-ի համար եւ դա էլ ՔՊ-ական իշխանության ձախողումը չէ։

ՔՊ-ական պատգամավորն էլ հարցեր հղեց Տիգրան Աբրահամյանին։ Դրանք վերաբերում էին 2014 թվականի ադրբեջանական դիվերսիոն հարձակումներին, 2016-ի քառօրյա պատերազմին, դրանից հետո Սերժ Սարգսյանի Արցախ գնալուն եւ Արցախի պատգամավորներին զգուշացնելուն, որ «այսպես շարունակելու դեպքում Կարս-Կարս երգելու փոխարեն Երեւանում Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու»։

Ի դեպ, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ նախկին նախագահներից ամենաքիչ հարցերը Սերժ Սարգսյանին ունի․ հետո հստակեցրեց՝ նրան հարց չունի։ Նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ էր նշանակում Սերժ Սարգսյանի խոսքը, երբ վարչապետ ընտրվելիս ասել էր. «Այլեւս չենք կարող հուսալ, որ Ադրբեջանը համաձայնելու է առանց պատերազմի ԼՂՀ հարցի լուծման գնալ»։

Տիգրան Աբրահամյանը պատասխանեց ՔՊ-ական պատգամավորին, ասելով, որ մինչեւ 2018 թվականը, երրորդ նախագահի ժամանակահատվածում այն դիրքորոշումը, որը ներկայացվել է բանակցային գործընթացի ժամանակ, դրանք նույնը արտահայտվել են եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում

Արդեն իր ելույթում, պատասխանելով Արուսյակ Ջուլհակյանի հարցերին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ 2014-ի դիվերսիայի նպատակը Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելը եւ Հայաստանին շանտաժի ենթարկելն էր, ինչը չհաջողվեց։ Իսկ 2016-ից հետո ստեփանակերտյան հանդիպման մասին էլ ասաց՝ բոլոր կարեւոր արտաքին քննարկումներից առաջ եւ հետո Սերժ Սարգսյանը ներսում տարբեր ձեւաչափերով քննարկումներ ունեցել է։

ՔՊ-ական պատգամավորը սահմանների կահավորումների մասին էր հարցեր տվել։ Տիգրան Աբրահամյանն ասաց՝ նախ վերջին հինգ ամսում ՊՆ-ն իրեն թույլ չի տալիս սահմանային հենակետերում լինել, ապա հավելեց՝ եթե այդ ամենի մասին խոսի, պետք է տեսախցիկներն անջատել ու փակ քննարկում անել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, քննարկվում էր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Հարցի համազեկուցող Արուսյակ Ջուլհակյանը ժամանակավրեպ համարեց նախագիծը՝ հանձնաժողովի անդամներին կոչ անելով «դեմ» քվեարկել: Նախագիծը չընդունվեց, ՔՊ-ական պատգամավորները «դեմ» քվեարկեցին։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում հեգնել էր ընդդիմադիրներին եւ առաջարկել էր վերանվանել հայտարարության նախագիծը, այն կոչել՝ «Ընդդիմության ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031