Փաստինֆո. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չի հանրայնացվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից որոշում է կայացվել՝ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու մասին, ԱԺ նախագահի խոսնակի պնդմամբ՝ «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում»։
Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց այս մասին՝ նշելով, որ հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ։
Հարությունյանի խոսքով՝ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին։ Թե արդյոք հնարավորություն կտրվի զոհվածների, անհետ կորածների հարազատներին ծանոթանալու զեկույցին՝ կառույցից առ այժմ չեն հստակեցնում։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու և քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։