Լրահոս
Օրվա լրահոսը

Անժամկետ գործադուլ և դասադուլ՝ Գորիսի պետական քոլեջում. հայտարարություն

Հոկտեմբեր 06,2025 16:22

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4-ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է Համակարգող խմբի հայտարարությունում.

Անժամկետ գործադուլ և դասադուլ Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը՝ սահմանված կարգով, այդ մասին հոկտեմբերի 4-ին իրազեկել է ՀՀ վարչապետին ու ՀՀ ԿԳՄՍ նախարարին։

Գործադուլավորների և դասադուլավորների պահանջին ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք իրազեկման գիրը։

2025 թ. մարտ-ապրիլից Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասին Դուք տեղյակ եք, ուստի և անիմաստ ենք համարում կրկին այդ ամենը ներկայացնելը։

Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից կրթօջախում շարունակում է լարված իրավիճակը, քանզի մեր դիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելու է տալիս այդ ամենը։

Ավելին՝ հարուցված է քաղաքացիական գործ՝ ՎԴ/4825/05/25, տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ Արաքսիա Սվաջյանի գլխավորած հավաստագրման հանձնաժողովի կողմից թույլ տված ապօրինությունների, փաստաթղթերի կեղծման ու աղավաղման մասին։

Այս պատմության մեջ մեզ զարմացնում է հատկապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անտարբերությունը՝ կարծեք ոչինչ տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում, կարծեք միևնույն է նրա համար, թե ինչ է կատարվում Գորիսի 100-ամյա քոլեջում։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, կոլեկտիվը (57 ստորագրությամբ) դիմում է հղել նախարարին՝ առաջարկելով խնդրի կարգավորման ժամանակավոր ու ողջամիտ տարբերակ՝ հիմք ընդունելով նաև հանգամանքը, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց։

Տեսնում ենք սակայն, որ նախարարը նորից խուսափում է իրականության հետ առերեսվելուց և մեր առաջարկությունը քննարկելուց։

Տեսնում ենք նաև՝ նախարարը քայլեր է ձեռնարկում իրավիճակին առավել սրություն հաղորդելու համար։

Ավելի ենք համոզվում՝ նախարարությունը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր՝ պետության հաշվին, կրթական հաստատության հաշվին, ուսանողների հաշվին։

Ավելի ենք համոզվում՝ տեղի ունեցողը հաշվեհարդար է ու վրեժխնդրություն՝ Կարեն Լազարյանի դեմ։

Սպառված համարվելով մեր իրավունքները և հարյուրավոր ուսանողների շահերը պաշտպանելու միջոցները, ստիպված ենք դիմել գործադուլի, որի վերաբերյալ մեր մտադրությունն ենք հայտնում Ձեզ։

Գործադուլը կմեկնարկի րոպեներ հետո այն պահից, երբ (առանց կոլեկտիվի հետ համաձայնության գալու և քննարկելու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Մեր պահանջը հետևյալն է՝

  1. չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին,
  2. տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը,
  3. տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենի ընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանի (մեր այդ առաջարկության հիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվի ս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումի մեջ),
  4. Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։

Վերոնշյալ այդ պահանջներով էլ կսկսենք գործադուլն այն պահից (ինչպես նշեցինք), երբ (առանց մեր կոլեկտիվի հետ համաձայնության գալու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել։

Հ.Գ. Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարությունից իրազեկվել է, որ ստեղծվող քոլեջի տնօրենի նշանակումը կատարվում է առանց Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ուստի և հայտարարվում է գործադուլ վերոնշյալ պահանջներով»:

Հիշեցնենք՝ Գորիսի պետական քոլեջում դասադուլ և գործադուլ էլի էր եղել, մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունն «իրենց համար անընդունելի որոշում» է կայացրել։

Կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն՝ Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական քոլեջը պետք է միաձուլվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031