«Հետք». Սեւանա լճի ափամերձ տարածքներում տուն կամ հանգստյան գոտի ունենալը շատերի համար եղել է երազանք։ Նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ կապված գործարարների մի մասի երազանքն իրականացել է։
Գործող պաշտոնյաներն աստիճանաբար են մոտենում Սևանին։ Սեւանի ափին առանձնատուն կառուցելու մի անհաջող փորձ 2020 թ․-ին արեց գործարար, ճանապարհաշինական ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։
Հակոբջանյանը պետական գնումների ակտիվ մասնակից է։ Նրան պատկանող ճանապարհաշինական ընկերությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, միլիարդավոր դրամների պայմանագրեր է ունեցել եւ շարունակում է կնքել պետական կառույցների հետ։ Այդ ընկերությունն է կառուցել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհը, ներգրավված է նաեւ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության մեջ։ Արման Հակոբջանյանը նաեւ գազալցակայանների բիզնես ունի։
Սեւանի ափին նրա ապօրինի կառուցապատումը, բարձրացած աղմուկից հետո, դադարեցվեց, շինարարությունը կասեցվեց։ 2021 թ․-ին Արման Հակոբջանյանը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստացավ Սեւանի ափին արդեն ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն կառուցելու համար։ 2020 թ․-ին առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։
Կարդացեք նաև
2020 թ․-ի սեպտեմբերի 10-ին «Հետքը» գրել էր, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացրել էինք Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդու՝ Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնյան, որին հետեւեց Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը եւ հիմնական շինությունները (առանձնատունը եւ պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։ 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել է, կառուցվել են նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ Մեր տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում գտնվող եւ «Սեւան ազգային պարկին» սեփականության իրավունքով պատկանող երեք առանձին հողակտոր կա, որոնց վրա էլ Արման Հակոբջանյանը կառուցել է առանձնատները եւ մյուս շինությունները։
Մեր տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։
Գործարարը չի ընդունում, որ խախտումներ է թույլ տվել
Արման Հակոբջանյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ Սեւանա լճում լողավազան չի կառուցել։ Ըստ նրա, տարածքում միայն մեկ լողավազան է կառուցվել, ինչպես նշված է ՇՄԱԳ նախագծում։ «Լճում կառուցած չի, լողավազան մեկ հատ է, ըստ նախագծի։ Գիտեք, ավելի կարևոր բաներ կան, ընկած եք ավելի ոչ կարևոր բաների հետեւից։ Միակ կառուցապատումն է, որ ես ըստ նախագծի եմ կառուցել։ Եթե հիմա դուք հետեւեք, ՇՄԱԳ փորձաքննություն ոչ մեկ չունի, ոչ մեկ։ Եթե դուք ուզում եք լուրջ հետաքննություն անեք, մենակ էտի, որ տեսնեք, որ ես մենակ ՇՄԱԳ ունեմ, որ ոչ մի տարածք տան, ոչ մեկ չունի ՇՄԱԳ, Հայաստանում ոչ մեկ չունի, որովհետեւ ես եմ անցել բոլոր փուլերով։ Բոլորը զարմացած էին, դրա համար 1 տարի 8 ամիս ժամանակ է տվել»,- ասաց գործարարը՝ չհամաձայնելով, որ շինարարություն է իրականացրել նաեւ 1905 մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող տարածքում։ Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս Կադաստրի կոմիտեում չեն գրանցվել կառուցված շինությունները, Արման Հակոբջանյանը պատասխանեց, որ խնդիրը տան սենյակների չափագրումների հետ է կապվածը, որը եթե դեռ չի լուծվել, ապա կլուծվի։
«Ես գործարար եմ, ներդրում եմ արել իմ հայրենիքում, իմ տարածաշրջանում, որտեղ ինձ դուր է գալիս։ Չկառուցե՞նք, գնանք ուրիշ տեղ կառուցե՞նք»,- ավելացրեց «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։
Տիրայր Մուրադյան,
Սարո Բաղդասարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: