ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրող դատախազն այսօր պահանջեց մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի նկատմամբ նշանակել 7 տարվա ազատազրկում:
Պաշտպանական կողմը ներկայացրել էր Թորգոմ Ասատրյանի պատվոգրերի պատճենները, գովասանագրեր դպրոցից, մարզական դպրոցներից, մրցանակներ, զորամասի հրամանատարի կողմից տրված Ասատրյանի մարտական բարձր պատրաստականության մասին հավաստագիր:
Պաշտպանական կողմը պնդեց, որ պատժի համար ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը որպես պատիժը մեղմացնող հանգամանք համարեց, Ասատրյանի՝ տարաբնույթ մարզական միջոցառումների մասնակցությունը, տարբեր տեղերի մրցանակներ գրավելը:
Կարդացեք նաև
-Դատվածություն չունենալն էլ,- նկատեց պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը, բայց դատարանն այդ հանգամանքը պարզապես որպես անձնական տվյալ դիտարկեց:
Մեղադրող դատախազը առարկեց պաշտպանական կողմին, թե պատիժը ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
– Մի քանի հանգամանք եմ ուզում առանձնացնել, արձանագրենք, որ մեղսագրվող արարքը կատարել է խմբի կազմում, ռազմական դրություն հայտարարված պայմաններում, քրեական վարույթով էլ այլ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել, դատարանը վերաորակեց, իհարկե դրա հետ էլ համաձայն չենք: Տուժողին բազմաթիվ համարվածներ են հասցվել: Այս որակման պայմաններում մեր կողմից դիտարկվում է որպես առանձին դաժանությամբ կատարված հանցավոր արարք:
Հասարակական անվտանգության դեմ կատարել է ծանր հանցավոր արարք, Թորգոմ Ասատրյանի պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան: միջնորդում եմ Թորգոմ Ասատրյանի նկատմամբ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով, իրեղեն ապացույց բաճկոնը վերադարձնել մեղադրյալին, կալանքը թողնել անփոփոխ»:
Տուժողի ներկայացուցիչն էլ միացավ դատախազի միջնորդությանը: Ասատրյանի պաշտպաններից Կոչուբաեւն ասաց, որ այն ինչ վկայակոչվում է որպես ծանրացնող հանգամանք, օբյեկտիվ կազմով գործողություններ են:Ըստ նրա՝ եթե Թորգոմ Ասատրյանը մասնակցել է զանգվածային անկարգությունների, առանձնապես ակտիվ դերը մի փոքր անհասկանալի է
«Այստեղ կան ակտիվ դերակատարներ, խմբի կազմում անկարգություններ մենակ չես կարող կատարել: Խմբի կողմից արարքի կատարումը չի կարող դիտարկվել որպես ծանրացնող հանգամանք: Ինչ վերաբերում է Ռազմական դրության ժամանակ կատարած արարքին՝ նոյեմբերի 9-ին ստորագրվել էր կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով ավարտվել էին ռազմական գործողությունները, ֆորմալ առումով չկար նորմատիվ ակտը, որը դադարեցրել էր ռազմական դրությունը, բայց բովանդակային առումով ավարտվել էր:
Իսկ երբ մենք անձին ուզում ենք վերագրել ծանրացնող հանգամանքներ, պետք է դրա օբյեկտիվ գոյությունը: Հիմա մենք ունենք դրա ֆորմալ գոյությունը»:
Կաչուբաեւը միջնորդեց Ասատրյանի նկատմամբ ընտրել պատժի նվազագույն չափը՝ երեք տարի ազատազրկում, իսկ չկրած մասը փոխարինել փորձաշրջանով համապատասխան ժամկետով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ