Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող մի խումբ վարորդներ հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակներում» և կանգնած են արտաքսման վտանգի առաջ։ «Ազատությանը» դիմած վարորդներն ասում են՝ Ռուսաստանում օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացել են միայն սահմանը հատելուց հետո։
ՌԴ-ում գործող նոր կարգավորմամբ, ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք նախկինում կարող էին Ռուսաստանում գտնվել յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր, ապա արդեն 1 տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել այդ երկրում: Բայց սա այն դեպքում, եթե այցի նպատակն աշխատանքը չէ. «Հայաստանում ինչքան բեռնատարի վարորդ կա, երևի 90 տոկսի այդ օրերը լրացել է, կանգնած են վտանգի առջև»,- ասում են վարորդները:
Վարորդները դժգոհում են՝ իրենք բեռներ են տեղափոխում և վերադառնում Հայաստան, այսինքն՝ նրանց գործատուն ՌԴ-ում չէ, ուստի փոփոխությունների կիրառումն իրենց նկատմամբ համարում են անարդարացի. «Չենք իմանում՝ հաջորդին կարող ենք գնալ, թե չէ: Այնպես չի, որ գնում ենք արտագնա աշխատանքի, մենք մտնում, դուրս ենք գալիս: Գոնե մտնող-դուրս գալացողների համար մի լավ բան անեն», – ասում է վարորդներից մեկը։
Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ շուրջմեկ տարի է ինչ այս խնդրի մասին բարձրաձայնում է, կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ գործընկերներին, որ աշխատանքային միգրանտին ու բեռնափոխադրող վարորդներին նույն կատեգորիայում չդիտարկեն. «Կամ մեկ այլ կետ մտցվի, որտեղ գրվի, որ եթե անձն իրականացնում է բեռնափոխադրում, ունի համապատասխան փաստաթղթերը, ապա իր վրա չի տարածվում, այլ իր վրա տարածվում է տարվա ընթացքում 180 օր գտնվելու ռեժիմը կամ մեկ այլ ռեժիմ, կամ, եթե գալիս է և սահմանին ստիպված է լինում 10, 20 օր մնալ, ապա այդ ժամկետը հանում են, այդ 90 օրվա մեջ չի մտնում: Այսինքն՝ լուծումները բազմաթիվ են, կարող են գտնել որևէ լուծում», – ընդգծում է փորձագետը:
Կարդացեք նաև
Ռուսաստանը 2024-ից խստացրել է միգրացիոն քաղաքականությունը: Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել նաև մի նոր կարգավորում, ըստ դրա էլ, բեռնափոխադրող վարորդները մինչև սահմանին հասնելը պետք է գրանցվեն էլեկտրոնային համակարգում՝ տեղեկացնելով, որ մոտենում են անցակետին։ Միայն այդ դեպքում նրանց տվյալները կհայտնվի ցուցատախտակին ու կթույլատրվի հատել սահմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։